Տարբեր մարզերից զանգեր ենք ստանում, որ մարդկանց առանց պատճառաբանությունների բերման են ենթարկում. Վահե Էնֆիաջյան (տեսանյութ)
Մարդկանց բերման են ենթարկում և քիչ առաջ ԱԺ պատգամավորների նկատմամբ ուժ կիրառվեց ու պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանին բերման է ենթարկվել, սակայն մեր գործողությունները բացառապես օրենքի տառին համապատասխան են լինելու: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը՝ խոսելով ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող գործողությունների մասին:
«Բռնանում են այն մարդկանց, որոնք ազատ կարծիք են հայտնում և թույլ չեն տալիս, որպեսզի մարդիկ իրենց դիրքորոշումը հայտնեն: Այս պահին տարբեր մարզերից զանգեր ենք ստանում, որ մարդկանց առանց պատճառաբանությունների բերման են ենթարկում և թույլ չեն տալիս, որ մարզերից մայրաքաղաք գան»,- ասաց նա:
Հարցին, թե ԲՀԿ-ն ինչ կանի, եթե Ծառուկյանին անձեռմխելիությունից զրկելու հարցը խորհրդարան գա, պատգամավորը ասաց, որ այս ամենը սկսվել է Գագիկ Ծառուկյանի քաղաքական հայնի հայտարարությունից հետո, սակայն նրանք չեն լռելու և իրենց լիազորությունների սահմաններում անելու են ամեն ինչ արդարությունը վերականգնելու համար: «Իսկ իշխանությունը պետք է հաշվետվություններ ներկայացնի և ոլորտ առ ոլորտ ցույց տա ձախողումները, որոնք ամենուր են»:










