Արմեն Ջիգարխանյանին դուրս են գրել հիվանդանոցից

17:07 • 14.06.20

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը դուրս է գրվել մոսկովյան հիվանդանոցից, ուր տեղափոխվել էր բժիշկների խորհրդով: Այս մասին ТАСС գործակալությանը հայտնել է դերասանի պաշտոնական ներկայացուցիչ Արթուր Սողոմոնյանը:

«Արմեն Ջիգարխանյանին դուրս են գրել, նա արդեն տանն է: Ամեն ինչ կարգին է»,- ասել է գործակալության զրուցակիցը: Դերասանի հոսպիտալացման մասին վերջինս հայտնել էր հունիսի 8-ին: Նրա խոսքով՝ բժիշկները խորհուրդ են տվել նրան բուժում անցնել և մասնագետների հսկողության տակ լինել:

Վերջին երկու տարում սա դերասանի վեցերորդ հոսպիտալացումն էր: 2018-ի ապրիլին նրան սրտի կաթվածով անհապաղ հոսպիտալացրել էին մայրաքաղաքային հիվանդանոցներից մեկում, որտեղ նա կոմայի մեջ է գտնվել:

84-ամյա Ջիգարխանյանը մինչ օրս ղեկավարում է Մոսկվայի դրամատիկական թատրոնը: Նա հանդես է եկել այնպիսի ճանաչված ֆիլմերում, ինչպիսիք են «Բարև, ես եմ», «Անորսալիների նոր արկածները», «Բարև ձեզ, ես ձեր մորաքույրն եմ», «Հանդիպման վայրը փոխել չի կարելի», «Թեհրան-43», «Անձնագիր» կինոնկարները: