Ատլանտայում բողոքի ակցիաներ են անցկացվել ևս մեկ աֆրոամերիկացու սպանության պատճառով
ԱՄՆ Վիրջինիա նահանգի մայրաքաղաք Ատլանտայում բողոքի ակցիաներ են իրականացվել իրավապահ մարմինների ներկայացուցչի կողմից ևս մեկ աֆրոամերիկացու սպանության պատճառով: Այս մասին տեղեկացնում է Washington Post պարբերականը:
Ցուցարարները պահանջել են քաղաքային ոստիկանության ղեկավարի հրաժարականը և ի վերջո հասել են իրենց նպատակին, ոստիկանապետը հրաժարական է տվել:
27-ամյա սևամորթ Ռեյշարդ Բրուքսը գնդակահարվել է հունիսի 12-ի երեկոյան` ոստիկանի կողմից:
Իրավապահ մարմինները բողոք են ստացել` տեղեկանալով որ քաղաքի սրճարաններից մեկի ավտոկայանատեղիում, մեքենաներից մեկի մեջ քնած մարդ կա: Ոստիկանների կողմից անցկացված ալկոհոլի ազդեցության տակ գտնվելու թեստից հետո, որը դրական պատասխան է տվել, տղամարդը գողացել է ոստիկանի էլեկտրոշոկը և փորձել է փախչել, սակայն վերջինս կրակել է նրա վրա: Հիվանդանոցում, վիրահատությունից հետո Բրուքսը մահացել է:
Ջորջիա նահանգի ոստիկանության հետաքննությունների բյուրոն ուսումնասիրում է տեղի ունեցածը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել օրերս սոցցանցերում տարածված 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հրապարակումից հետո, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով աֆրոամերիկացի իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահանում է։










