Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել Լիբիայում տիրող բռնությունը

22:40 • 14.06.20

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել բոլոր քաղաքական և ռազմական առաջնորդներին ճանապարհ գտնել Լիբիայում ռազմական գործողությունների դադարեցման համար:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, նման հայտարարությամբ սրբազան քահանայապետը հանդես է եկել հավատացյալներին ուղղված ավանդական կիրակնօրյա ելույթի ժամանակ:

«Մեծ տագնապով հետևում եմ Լիբիայում տեղի ունեցող դրամատիկ իրադարձություններին:  Խստորեն կոչ եմ անում միջազգային կազմակերպություններին և ռազմական ու քաղաքական պարտականություններ ունեցողներին վերսկսել բռնության դադարեցման ճանապարհ փնտրելու գործընթացը, որը կբերի երկրի խաղաղության, կայունության և միասնականության»,- ասել է Ֆրանցիսկոս պապը:

Հռոմի պապը հավելել է, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված առողջապահության ոլորտում տիրող համաշխարհային իրավիճակն առանց այն էլ խորացնում է ծանր պայմաններում գտնվող լիբիացի ներգաղթյալների վիճակը:

Նշենք, որ Լիբիայում շարունակվում է դիմակայությունը Ֆայեզ Սարաջի Ազգային համաձայնության կառավարության և Հաֆթար Խալիֆայի ղեկավարած Լիբիական ազգային բանակի միջև: