Պուտինը խոստացել է զարմացնել մյուս երկրներին, երբ նրանց մոտ գերձայնային զենք հայտնվի
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ ՌԴ-ն միջոց կունենա պայքարելու գերձայնային զենքի դեմ, որը կարող է հայտնվել այլ երկրներում:
«Գերձայնային զենք կարող է հայտնվել առաջատար ռազմական գերտերությունների մոտ: Սակայն կարծում եմ, որ մենք կարող ենք հաճելիորեն զարմացնել մեր գործընկերներին նրանով, որ երբ նրանք նման զենք ունենան, ամենայն հավանականությամբ, մենք դրա դեմ պայքարելու միջոց կունենանք»,- ТАСС գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է երկրի ղեկավարը «Շաբաթվա լուրեր» (Вести недели) ծրագրի շրջանակներում:
«Դա մեր այսօրվա իրավիճակի յուրահատկությունն է: Կրկնում եմ ևս մեկ անգամ. ամենայն հավանականությամբ մենք գերձայնային զենքի դեմ պայքարելու միջոց կունենանք, երբ աշխարհի առաջատար երկրների մոտ հայտնվի գերձայնային զենք»,- շեշտել է Պուտինը:
Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվայի մոտ գերձայնային զենքի ի հայտ գալն անիմաստ է դարձրել մյուս երկրների հսկայական ծախսերն՝ ուղղված Ռուսաստանի զսպմանը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատմության մեջ առաջին անգամ առաջ է անցել մյուս երկրներից առաջադեմ սպառազինման զարգացման մակարդակով, որը ներառում է նաև գերձայնային զենք:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր նոր գերձայնային հրթիռի մասին, որը 17 անգամ ավելի արագ է լինելու ներկայիս գերարագ հրթիռից:










