Ժամը 22:00-ին Գագիկ Ծառուկյանը պետք է դուրս գա ԱԱԾ-ից, եթե ոչ՝ ԲՀԿ-ն պատրաստ է բոլոր հնարավոր սցենարներին. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին հարցաքննելու՝ 7 և ընդմիջման լրացուցիչ 1 ժամը լրանում է ժամը 22:00-ին, և ես հույս ունեմ, որ իշխանությունը չի գնա իրավիճակի ծայրահեղ լարվածության, սրման, և մենք կտեսնենք Գագիկ Ծառուկյանին, եթե՝ ոչ, «Բարգավաճ Հայաստանը» պատրաստ է բոլոր հնարավոր սցենարներին:
Այս մասին ԱԱԾ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ վերահաստատելով ԲՀԿ կարծիքը, թե Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:
Պատգամավորը հայտնեց նաև, թե այսօր Ծառուկյանի բնակարանից ԱԱԾ-ն առգրավել է նրա որդու հարսանիքի հրավիրատոմսը:
Նա չբացառեց, թե կարող են իրենց խմբակցության այլ պատգամավորներին առնչվող նոր քրեական գործեր հարուցվել՝ քաղաքական նպատակներով:
Նա նշեց, թե իշխանություններն անցել են բարոյականության կարմիր գծերը և վերջին հնարավորությունն ունեն ՀՀ-ում գործընթացներն անդառնալի ու անշրջելի չդարձնելու:
Ինչ վերաբերում է արտակարգ դրության ընթացքում հավաքներ կազմակերպելու արգելքին, Զոհրաբյանը նշեց՝ իշխանությունները հայտարարել են, թե համավարակաը կարող է երկար ձգվել, և, պատգամավորի դիտարկմանբ՝ այդքան ժամանակ չեն կարող ոտնահարվել մարդկանց իրավունքները, այդ թվում՝ խաղաղ ակցիաների միջոցով իրենց անհամաձայնությունը արտահայտելու իրավունքը:
Մանրամասները՝ տեսանյութում:










