Երևանի Շարուրի փողոցի ավտոտնակներից մեկում ական է հայտնաբերվել․ ինժեներասակրավորական ջոկատը պայթեցման եղանակով վնասազերծել է այն

09:35 • 15.06.20

Հունիսի 14-ին, ժամը 15:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Շարուրի փողոցի թիվ 21 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում ական է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Պարզվել է, որ հայտնաբերվածը «ПМН-2» տիպի հակահետևակային ական է։

Ինժեներասակրավորական ջոկատն ականը տեղափոխել է N զորամասի հրաձգարան և պայթեցման եղանակով վնասազերծել։