Սպայական դպրոց, իրավական անհարթությունների լուծում, մարտունակ պահեստազոր․ Տիգրան Աբրահամյանը ներկայացրել է ԶՈՒ զարգացման առաջնահերթությունները
Tert.am-ը ներկայացնում է «Հենակետ» վերլուծական կետրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի հոդվածը, որում նա առաջարկներ է ներկայացրել Զինված ուժերի զարգացման առաջնահերթությունների շուրջ։
Հոդվածը ներկայացնում ենք ստորև․
Հայաստանի պաշտպանության նախարարությունը նախօրեին հրապարակեց պաշտպանության ոլորտի և զինված ուժերի զարգացման առաջնահերթությունների վերաբերյալ պաշտպանության նախարարի տեսլականը:
Այս ծավալուն փաստաթղթում բավականին մանրամասն շարադրված էին ռազմական բնագավառի առաջնահերթությունները, նաև ներկայացված էին այն աշխատանքները, որոնք իրականացման ընթացքում են:
Այս հոդվածում կփորձեմ ներկայացնել, լրացնել կամ ծավալվել այն կետերի շուրջ, որոնք ամենից շատն եմ կարևորում կամ որոնց վրա պաշտպանության նախարարությունը պետք է մեծ ուշադրություն կենտրոնացնի: Ավելին, որոշակի իմաստով, ես կարծում եմ, որ այս ուղղությամբ աշխատանքները հրատապ բնույթ ունեն:
Սպայական դպրոց. Ես կարծում եմ, որ սպաների պատրաստման, վերապատրաստման գործընթացը բանակաշինության առաջնահերթ ուղղությունն է: Պատահական չէ, որ ընդունված է ասել՝ սպաները մեր բանակի ողնաշարն են: Իրականում զինված ուժերի ամենամեծ բեռը հենց նրանց ուսերին է, իսկ դա նշանակում է, որ կադրերի ընտրության պահից՝ համալսարանական կրթությունից մինչև հետագայում ակադեմիաներ, սպայական տարբեր բարձր հաստիքներում նշանակումներով ավարտած, այդ ցիկլը պետք է աշխատի իդեալական կամ դրան մոտ: Եթե այս գործընթացի տրամաբանական և արդյունավետ ապահովումն ունենանք, ապա մեր մնացած աշխատանքների հիմքը կլինի ամուր և հնարավորություն կտա հետագա աշխատանքներում, բարեփոխումներում արդյունավետ ելք ապահովել:
Այս գործընթացը Հայաստանում բարեփոխումների կարիք ունի և դա պետք է անել շատ արագ: Կառավարությունն իր ֆինանսական հնարավորություններն առաջին հերթին պետք է ուղղի այս ուղղությամբ ռեֆորմի իրականցմանը: Սա զուտ կրթության մեջ դրվող գումար չէ, սա սպայի և նրա ընտանիքի անդամների՝ ծառայության ընթացքում առկա դժվարությունները ոչ միայն հաղթահարելու, այլ անհրաժեշտ պայմանների ապահովումն է, որի դեպքում սպան իրեն կզգա բոլոր առումներով պաշտպանված, հասարակության մեջ իր ուրույն դերը ունեցող քաղաքացի, ում ընտանիքի անդամները սոցիալապես կլինեն ոչ միայն լիարժեք պաշտպանված, այլ ավելին՝ բոլոր առումներով արտոնյալ:
Արտոնյալ ասելով առաջին հերթին նկատի ունեմ պայմաններ, որոնք հնարավորություն կտան սպայի ընտանիքի անդամներին անվճար և միաժամանակ որակյալ կրթություն ստանալ, լիարժեքորեն օգտվել առողջապահական համակարգի ծառայություններ և ամենակարևորը՝ սպայի ծառայության բերումով իրականացվող տեղափոխությոնները չպետք է ազդեն սպայի ընտանիքի անդամների լիարժեք կրթության, կենցաղի ապահովման և այլն:
Նկարագրածիս մի քանի բաղադրիչներ իրականացման փուլում են, բայց դրանցից որոշների դեպքում ունեմ վերապահումներ, որոնց մի առիթով դեռ կանդրադառնամ:
Իրավական անհարթություններ. Զինված ուժերում իրավական հարաբերություններում խնդիրներ, իսկ որոշակի դեպքերում՝ անլուծելի թվացող հարցեր կան, որոնք էապես ազդում են կանոնադրական հարաբերությունների ապահովման վրա: Խնդիրը զինվոր-զինվոր և զինվոր-սպա հարաբերությունների մասին է: Այս համակարգում երրորդ հանրապետության զինված ուժերի կազմավորումից ի վեր տարբեր փոփոխություններ են իրականացվել, սակայն դրանց լիարժեք ներդաշնակեցումը չի ապահովվել, ինչը մի կողմից բերում է բանակում ոչ կանոնադրական հարաբերություններով պայմանվորված միջադեպերի, մյուս կողմից՝ էական ազդեցություն ունի ոչ միայն սպաների հետագա ծառայության վրա, այնպես էլ առհասարակ քաղաքացիների՝ սպայական մասնագիտություն ընտրելու հարցում: Այս խնդրի լուծումը մեծ ազդեցություն կունենա ներբանակային կյանքի ու բանակում առկա միջավայրի էական բարելավումների վրա և այս իմաստով, այստեղ իրականացվելիք փոփոխությունները պետք է համարել հրատապ:
Մարտունակ պահեստազոր. Վերջին տարիներին պահեստազորի մարտունակության ապահովմանն ու բարձրացմանն ուղղված մի քանի տարբերակներ են շրջանառվել: Միանգամից ասեմ, որ մարտունակ, մոբիլ պահեստազոր ունենալու այլընտրանք չկա: Այս առումով, պաշտպանական գերատեսչության առաջնահերթություններից պետք է լինի՝ որքան հնարավոր է արագ պահեստազորի արդյունավետ սխեմաների ապահովումը, ինչը հնարավորություն կտա մի կողմից ակտիվ վարժանքների, մարտավարական պարապունքների և զորավարժությունների միջոցով մարզավիճակում պահել պահեստազորը, մյուս կողմից՝ ապահովել անհրաժեշտության դեպքում պահեստազորի արագ՝ խնդրի կատարման մեջ մտնելը: Այս տեսանկյունից անհրաժեշտ է քննարկել զինված ուժերում անցկացվող տարբեր բնույթի զորավարժություններին պահեստազորի ներգրավումը, ինչպես նաև՝ մարտական հերթապահության առօրյա անցկացմանը նրանց որևէ ձևով ներգրավումը: Պահեստազորի՝ մարտական հերթապահության ներգրավումը կարելի է քննարկել տարբեր խորություններով՝ ինժիներական աշխատանքների ներգրավվածությունից որոշակի ժամանակահատվածով ուղիղ ներգրավվածությունը որոշակի ժամկետով մարտական հերթապահության կրմանը: Վարձատրության, հավելավճարների թեման ևս քննարկելի է՝ ըստ ծառայության ժամկետի և իրագործվող սխեմայի:
Տարբեր առանձնահատկություններից ելնելով` առաջարկները բոլոր մանրամասնություններով չեն ներկայացվել, սակայն անհրաժեշտության դեպքում կարելի է ներկայացնել նաև բացվածքով:
Շարունակելի










