ԱՄՆ-ում հայրն իր երկու մանկահասակ երեխաներին մոռացել է մեքենայի մեջ․ 5 ժամ անց շոգ եղանակի պատճառով երեխաները մահացել են (լուսանկարներ)

15:31 • 15.06.20

ԱՄՆ Օկլահոմա նահանգի Թալսա քաղաքում հինգ ժամ շարունակ փակ պիկապում մնալու հետևանքով երկու մանկահասակ երեխաներ են մահացել, հաղորդում է Mirror-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների հաշվետվությունը:

Ինչպես ոստիկանությանը հայտնել է երեխաների հայրը՝ 31-ամյա Դասթին լի Դենիսը, նա շաբաթ օրը երեխաների հետ գնացել է խանութ, այնուհետև վերադարձել է տուն և քնել։ Արթնանալով մոտ հինգ ժամ անց՝ չի գտել երեխաներին։ Ավելի ուշ նա իր չորսամյա դստերը և երեքամյա որդուն մեքենայի հատակին ընկած է գտել։ Դեպքի վայր ժամանած բժիշկներն արձանագրել են երեխաների մահը։

«Երեխաները մոտ 5 ժամ մեքենայում են եղել»,- հայտնել են ոստիկանությունից:

Տղամարդուն երկրորդ աստիճանի սպանության համար մեղադրանք է առաջադրվել։ Ներկայում նա գտնվում է կալանքի տակ։

Տեղի օդերևութաբանները հայտնել են, որ այդ օրը քաղաքում օդի ջերմաստիճանը գերազանցել է 30 աստիճանը` ըստ Ցելսիուսի։