ԵՊՀ գիտխորհուրդը ընտրում է հոգաբարձուների խորհրդի 8 անդամի, ռեկտորի ԺՊ Գեղամ Գևորգյանի հրահանգով նիստն առցանց չի հեռարձակվում․ Գևորգ Էմին-Տերյան

12:01 • 15.06.20

ԵՊՀ գիտխորհուրդն այսօր ընտրում է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 8 անդամներին: Գիտխորհուրդը նիստն անցկացնում է առցանց, սակայն ռեկտորի ԺՊ Գեղամ Գևորգյանի հրահանգով, ոչ միայն լրագրողների համար է արգելվել առցանց հեռարձակումը, այլև ԵՊՀ հանրային կապերի ծառայության համար։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը:

Իսկ, թե ինչով է պայմանավորված ռեկտորի ԺՊ-ի այս որոշումը, Գևորգ Էմին-Տերյանն ասաց. «Ինձ գիտքարտուղարը փոխանցել է ռեկտորի հրահանգը՝ քանի որ լինելու է քվեարկություն իրենք կարող է չկարողանան վերահսկել քվեարկողների թիվը, այսինքն, կարող է այդ քվեարկողների թիվը շատ լինել, իբր այդ պատճառով չի թույլատրվում որ ուրիշ օգտատերեր մուտք գործեն և տեսնեն «զումով» առցանց նիստը: Պատճառը հիմնավորվեց այդպես»:

Սակայն վերջինս նշեց, որ իրենք նկարահանում իրականացնում են իրենց մուտքով, ձայնագրել են, կտան և՛ հաղորդագրություն, և՛ նաև տեսանյութ: Նա տեղեկացրեց, որ նիստի առաջին մասն ավարտվել է:

«Ռեկտորի ԺՊ-ն բացատրել է քվեարկության կարգը, 20 թեկնածու է ներկայացված, որոնցից 8-ը պետք է ընտրվեն: Ըստ ռեկտորի ներկայացրած կարգի՝ գիտխորհրդի ամեն անդամ պետք է քվեարկի 8 հոգու և ամենաշատ ձայներ ստացած 8 հոգին կհամարվեն ընտրված հոգաբարձուների խորհրդի կազմում»,- պարզաբանեց նա:

Վերջինս հստակեցրեց՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը կազմված է 32 հոգուց, որից 8-ը ներկայցնում է համալսարանը, 8-ը՝ ուսխորհուրդը, 8-ը՝նախարարությունը, 8-ն էլ կառավարությունը, վերջում, վարչապետի հրամանով, ձևավորվում է հոգաբարձուների խորհուրդը:

Հարցին՝ եթե չի հեռարձակվում նիստը, այդտեղից ինչ-որ վստահության խնդիր կարող է առաջանալ արդյունքների վերաբերյալ, նա պատասխանեց. «Ես չեմ ասում, որ հավաստի չեմ համարում, կարծում եմ՝ կարելի էր անել այնպես, որ և՛ ուղիղ հեռարձակում լիներ, և՛ քվեարկողների թիվը լիներ: Այսինքն՝ մեկը մյուսին չխանգարեր, դա իմ անձնական կարծիքն է»:

Գևորգ Էմին-Տերյանը հավելեց, որ հիմա նիստի առաջին մասն ավարտվեց, ժամը 12:00-ից ժամը 14:00-ն կլինի քվեարկությունը: «Այդ ընթացքում գիտխորհրդի անդամներն ինչ-որ ժամերի պետք է գան քվեարկեն, իրական քվեարկություն է լինելու ոչ թե առցանց, հետո ժամը 15:30 լինելու է երրորդ մասը ու գիտխորհուրդն էլի առցանց հաստատելու է քվեարկության արդյունքները: Արդյուքնները 16:00-ի կողմերը հայտնի կլինեն»,- եզրափակեց նա: