Պեկինի իշխանությունները փորձում են գտնել 200 000 բնակչի հետքը, որոնք այցելել են մայրաքաղաքում կորոնավիրուսի նոր բռնկման օջախ հանդիսացող շուկա
Պեկինի առողջապահության ոլորտի ներկայացուցիչներն աշխատնքներ են տանում մոտ 200 000 բնակչի հետքը գտնելու ուղղությամբ, որոնք այցելել են մայրաքաղաքի ծովամթերքի մեծածախ շուկա, որտեղ կորոնավիրուսի խոշոր բռնկման դեպք է գրանցվել:
Այս մասին հայտնում է CNN-ը՝ հիշեցնելով, որ քաղաքում կորոնավիրուսով վարակման առնվազն 79 նոր դեպք է արձանագրվել հինգշաբթի օրվանից, որոնց մեծամասնությունը կապված է վերոնշյալ մթերային շուկայի հետ:
Իշխանությունները փորձում են պարզել, թե ովքեր են այցելել շուկա մայիսի 30-ից ի վեր: Վարակման դեպքերի բռնկումից հետո շուկան, որը քաղաքի հիմնական մատակարարն է, փակվել է: Շուկայում օրական 18 000 տոննա բանջարեղեն և 20 000 տոննա միրգ է շրջանառվում:
Շուկայի շրջանի մատակա 11 թաղամասերը նույնպես մեկուսացման մեջ են հայտնվել:










