Պեկինում մի շարք պաշտոնյաներ կորոնավիրուսի նոր օջախի հայտնաբերումից հետո զրկվել են աշխատանքից

13:09 • 15.06.20

Պեկինի իշխանությունները Ֆենթայ շրջանի ղեկավարի տեղակալ Չժոու Յույցինին և նրա մի քանի ենթակայի հեռացրել են պաշտոնից «Սինֆադի» շուկայում կորոնավիրուսի նոր օջախի հայտնաբերումից հետո, հայտնում է lenta.ru կայքը։

Նշվում է, որ նման որոշում կայացվել է նախօրեին Պեկինի քաղաքային հանձնաժողովի նիստի ընթացքում։ Աշխատանքից զրկված պաշտոնյաները մեղադրվում են համաճարակի ռիսկերի կանխման նպատակով սահմանված անվտանգության կանոնների նկատմամբ ցուցաբերած անպատասխանատու վերաբերմունքի համար։

Ավելի վաղ Պեկինի կառավարության մամուլի ծառայության ղեկավար Սյույ Հեցզյանը զգուշացրել էր քաղաքի խոշորագույն մեծածախ վաճառքի շուկայում վարակի նոր օջախի հայտնաբերումից հետո կորոնավիրուսի տարածման բարձր ռիսկերի մասին։ Նա ընդգծել էր, որ իշխանությունները դրա կանխարգելման համար ամենավճռական քայլերն են պատրաստվում իրականացնել։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Պեկինի հարավային Ֆենթայ շրջանում ռազմական դրություն են հայտարարել այն բանից հետո, երբ այնտեղի մեծածախ «Սինֆադի» առևտրի շուկայում կորոնավիրուսի նոր վարակակիրներ են հայտնաբերել։

Հայտնի է, որ շուկայում ներկրված սաղմոնների կտրատման տախտակի վրա համաճարակաբանական հետազոտության արդյունքում կորոնավիրուս է հայտնաբերվել։

Շուկայի տնօրինությունը մոտ 10 000 աշխատակցի և վաճառողի զանգվածային թեստավորում իրականացնելու որոշում է կայացրել։