Ինչպես «Քովիդ-19»-ը կփոխի աշխարհը. կարծիքներ հեղինակավոր գրողներից, գիտնականներից, պատմաբաններից և քաղաքական գործիչներից
Աշխարհով մեկ տեղի ունեցող փոփոխություններին անդրադարձող NOEMA ամսագիրը հարցազրույց է վերցրել միջազգային ճանաչում ունեցող գիտնականներից, պատմաբաններից, գրողներից, քաղաքական և հասարակական գործիչներից՝ նրանց կարծիքը հարցնելով աշխարհում «Քովիդ-19»-ի ազդեցության վերաբերյալ:

Իսրայելցի պատմաբան Յուվալ Նոյ Հարարին, որը «Sapiens. մարդկության համառոտ պատմությունը», «Homo Deus. վաղվա օրվա համառոտ պատմությունը» և «21 դաս XXI դարի համար» գրքերի հեղինակ. «Հաջորդ ամիսների ընթացքում քաղաքական գործիչները կվերափոխեն աշխարհը: Այս մի քանի ամիսների ընթացքում աշխարհը կլինի երերուն և դյուրագրգիռ: Մենք կարող ենք ընտրել՝ պայքարել ներկայիս ճգնաժամի դեմ համաշխարհային համերաշխության և համագործակցության միջոցով, որը կհանգեցնի առավել միասնական աշխարհի: Մենք կարող ենք ընտրել նաև դրա դեմ պայքարելու՝ ազգային մեկուսացման և մրցման միջոցը, որը, հավանաբար, կսրի ճգնաժամը և կհանգեցնի առավել թշնամական աշխարհի:
Մենք կարող ենք ընտրել ճգնաժամի դեմ պայքարը տոտալիտար հսկողության ռեժիմների պարտադրմամբ կամ քաղաքացիների հզորացմամբ՝ ապահովելով կառավարության առավել մեծ թափանցիկություն: Կառավարությունները կարող են ընտրել՝ փրկել հզոր ընկերությունները և թուլացնել կազմակերպված աշխատանքը, կամ կարող են օգտագործել մեծ ընկերությունները կառավարելու հնարավորությունը և ուժեղացնել կազմակերպված աշխատանքը: Մարդկությունը կարող է ընտրել վերակառուցել իր տրանսպորտային համակարգը, էներգետիկ հատվածը՝ առավել կանաչ ռեսուրսների հաշվին, կամ կենտրոնանալ նեղ տնտեսական վերականգնման վրա՝ միաժամանակ մոռանալով բնապահպանական զգոնության մասին: Կան բազմաթիվ այլ ընտրություններ, որ պետք է անենք:
Այս ճգնաժամն անակնկալի է բերել քաղաքական գործիչներին և նրանք գործելու պատրաստ ծրագիր չունեն: Նրանք, հետևաբար, բաց են նոր մտքերի համար, անգամ խելահեղ մտքերի: Սակայն, երբ ընտրությունն արդեն արված լինի, ավելի բարդ կլինի նոր ճանապարհ փորձելու համար: Ով էլ իշխանության գա 2021թ․, կհայտնվի մի մարդու իրավիճակում, որը ժամանել է խնջույքի, երբ խնջույքն արդեն ավարտվել է, և միակ բանը, որ նրան մնում է անելու, կեղտոտ ամանները լվանալն է: Քանի դեռ խնջույքը չի ավարտվել, մենք պետք է խստորեն կենտրոնանանք և օգնենք կառավարություններին ճիշտ քաղաքականություն ընտրել»:

Դանիայի նախկին վարչապետ Հելլե Թորնինգ Շմիդտ. «Մեր ամենասուր մտահոգությունը պետք է լինի այն, որ համավարակը չնչին փոփոխության կենթարկվի կամ ընդհանրապես չի փոխվի, որ ամեն ինչ կփոխվի, սակայն ամեն ինչ նույնը կմնա: Դա հենց այն է, ինչ տեղի ունեցած 2008թ․: Մենք հաղթեցինք պատերազմն այն առումով, որ ամբողջական տնտեսական տապալումը կանխվել է, սակայն մենք կորցրինք խաղաղությունը. մի քանի տնտեսական աջակցման փաթեթներ, ավելի բարձր պահանջներ բանկային կապիտալին, ակտիվ կենտրոնական բանկեր, սակայն ոչ մի անվտանգության համակարգերի ամրապնդում և կառուցողական քիչ փոփոխություններ համաշխարհային շուկաների գործառնության ձևաչափում: Ինչո՞ւ այս անգամ նույնկերպ չպետք է լինի: Այն ժամանակ առաջնորդների համախմբածություն կար, որոնք պատրաստ էին գործել միասին: Այժմ մենք չունենք միջազգային համագործակցություն: Մենք գիտենք, որ չենք վերադառնա սովորական բիզնեսին: Սակայն հարցն այս է. արդյո՞ք մարդիկ կընտրեն այնպիսի առաջնորդներ, որոնք ունակ են ստեղծելու նոր հետհամավարակային աշխարհ: Դատելով ներկա իրավիճակից՝ պատասխանը ենթադրում է «ոչ», թեև նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրությունները հույսի շող են առաջարկում»:

Google-ի նախկին գործադիր տնօրեն Էրիկ Շմիդտ. «Վիրուսը կանգնեցնելն արմատական տարանջատում է պահանջում, սակայն պատվաստանյութի հայտնաբերումը, համաշխարհային տնտեսության վերականգնումն ու մեկ այլ համաճարակի կանխումը՝ սերտ համագործակցություն են պահանջում:
Համաշխարհային ճգնաժամի ընթացքում առաջին անգամ մենք տեխնոլոգիական հնարավորություն ունենք հակազդելու մարտահրավերին միջազգային մակարդակով: Աշխարհի մի մասից եկող տվյալները կարող են վերլուծվել և կիրառվել մեկ այլ հատվածում՝ գտնելու պատվաստանյութն ու բարելավելու առողջապահական իրավիճակը: Կապի որոնման հավելվածները կարող են իրական ժամանակում փոխադրել տվյալները՝ սահմանափակելու ապագա բռնկումները: Անհրաժեշտ բժշկական սարքավորումների պակասը կարելի է լրացնել 3D տպագրությամբ, իսկ արհեստական բանականության վրա հիմնված վերլուծությամբ կարելի է արդյունավետորեն համակարգել մատակարարումները:
Մատակարարման շղթայի խոցելիությունը ստիպել է կառավարություններին ազգային կամ դաշնակցային լուծումներ գտնել, ինչը կարող է տարածվել ռազմավարական նշանակության առավել լայն ապրանքատեսականու վրա: Վիրուսը ստիպել է մի շարք ժողովրդավար երկրների ուսումնասիրել ավտորիտար երկրիների կառավարությունների կողմից կիրառվող միջամտությունը, որը խախտում է անհատական գաղտնիությունը: Համավարակը բացահայտել է նաև անհավասարությունը սահմանների միջև և սահմաններից այն կողմ. թվային կապով ապահովվածները հնարավորություն ունեն պահպանել սոցիալական հեռավորություն, աշխատել և սովորել՝ օգտվելով հեռավար հաղորդակցման միջոցներից, մինչդեռ մյուսների համար սոցիալական հեռավորություն պահպանելն անհնար է»:

Մաքս Պլանկի անվան Գիտության պատմության ինստիտուտի պրոֆեսոր, պատմաբան Լորեյն Դաստոն. «Վիրուսը մեզ անսպասելիորեն հետ է տարել 17-րդ դար. մենք ապրում են զրոյական էմպիրիզմի ժամանակահատվածում, երբ ամեն ինչ պատրաստ է կլանելու համար, ինչպես դա տեղի է ունեցել ամենավաղ գիտական հասարակությունների համար մոտ 1660-ական թվականներին: Նրանց համար գրեթե բոլոր հիմնական հարցերը պատասխաններ չունեին:
Գիտական ծայրահեղ անորոշության պահերին ուսումնասիրությունը, որը սովորաբար դիտարկվում է որպես գիտափորձի և վիճակագրության անբավարար կապը գիտության մեջ, կրկին ուժի մեջ է մտնում»:

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Գորդոն Բրաուն. «Բոլոր առողջապահական համակարգերը, անգամ ամենալավ համալրվածները, տանջվում են վիրուսի ծանրության տակ: Եթե մենք ոչինչ չանենք, երբ հիվանդությունը տարածվում է առավել աղքատ աֆրիկյան, ասիական և լատինամերիկյան քաղաքներում և խոցելի համայնքներում, որոնք թեստավորման և բժշկական քիչ հնարավորություններ ու սարքեր ունեն և որտեղ անգամ ձեռքերը լվանալն է դժվար իրականացնել, «Քովիդ-19»-ը կհաստատվի այնտեղ և հետագայում կրկին կհարվածի ողջ աշխարհին և կերակարաձգի ճգնաժամը»:

Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանի պրոֆեսոր Սաֆիյա Նոբլ. «Իրավունքների դանդաղ և կայուն կորուստը, ինչպես նաև սահմանափակումներն ու մեր սոցիալական, տնտեսական և քաղաքական ազատությունների վերահսկումը աղետալի կապիտալիզմի դրսևորումներ են: Աղետալի կապիտալիզմը հնարավորություններ է ստեղծում մեծացնելու վերահսկողությունը, հարստությունն ու հզորությունը լայն հասարակության, ժողովրդավարության և աշխատող մարդկանց հաշվին: «Քովիդ-19»-ի դեմ կիրառվող միջոցները սերելու են այս հավաքածուից, եթե մենք զգոն և ուշադիր չլինենք այն պայմանների նկատմամբ, որոնք քննարկվելու են մեր համընդհանուր բարօրության համար: Այս համավարակն այն պահն է, երբ պետք է հաշվի առնել մեր համակարգերի անբարոյականությունը»:
.jpg?1592250315897)
Լոնդոնի տնտեսագիտական դպրոցի պրոֆեսոր Ջոն Գրեյ. «Համաշխարհային կարգը, որը կար նախքան համավարակը, չափազանց փխրուն էր: Եթե վիրուսը չհայտնվեր, մեկ այլ տնտեսական իրադարձություն՝ պատճառված մեկ այլ գործոնով, վերջիվերջո պատմության գիրկը կնետեր գլոբալիզացման գագաթնակետի ժամանակշրջանը:
Համավարակն արագացրել է որոշ միտումներ, որոնք արդեն գոյություն ունեին, ինչպես օրինակ՝ Արևմտյան իշխանության անկումը, անդրազգային ինստիտուտների թուլությունը և ԵՄ-ի մասնատումը: Սակայն, ընդհանուր առմամբ, դրանք հիմնովին փոխում են համաշխարհային իրավիճակը»:

Իտալիայի Հինգաստղանի շարժման առաջնորդ Դավիդ Կասալեգիո. «Մեր սերունդն իր պատերազմն է վարում: Դա հակառակ պատերազմ է, որտեղ բժիշկներն են առաջնագծում, իսկ բանակայինները դագաղներն են տանում: Մենք ունենք մեր հերոսները, որոնք ամեն օր են պայքարում, ինչպես նաև ունենք դասալիքներ, որոնք լքում են խրամատները: Մեր գործարանները վերածվում են պատերազմական սարքավորումների արտադրության գործարանների: Մենք թևակոխեցինք մի դարաշրջան, երբ անհնարին թվացող ամեն ինչ հանկարծակիորեն սովորական դարձավ: Համավարակը նոր ցնցում է հասարակության համար: Այն, ինչ մենք անհնարին էինք համարում, բաց է ուսումնասիրության համար»:

Քեմբրիջի համալսարանի փիլիսոփայութնա պրոֆեսոր, Լորդերի պալատի անդամ Օնորա Օ’Նիլ. «Ոմանք փորձում են կանխատեսել, թե ինչ կփոխվի համավարակից հետո և վերադարձնել մեզ «նորմալ» կյանք: Մյուսները մտածում են, թե ինչ պետք է փոխել: Կանխատեսումն ու գործնական քննարկումը շատ տարբեր են: Նորմալ իրադրության միտքը չի կարող լավ ելակետ հանդիսանալ ապագայի համար: Գլոբալիզացումը անասելի հարստություն է բերել ոմանց՝ բարձրացնելով միջին եկամուտները, առավել մեծ անհավասարություն ստեղծելով և անգամ հանգեցնելով առավել բարդ տնտեսական իրավիճակների, ինչպես օրինակ գլոբալ տաքացման և համավարակի: Սակայն, արդյո՞ք դա նորմալ էր: Փոխարենը կանխատեսելու, թե երբ և ինչպես նորմալ իրավիճակը կվերադառնա, մենք պետք է աշխատենք ապագայի համար»:

«Զենքեր, մանրէներ, պողպատ» գրքի հեղինակ Ջարեդ Դայմոնդ. «Կարևոր նոր դասը վերաբերում է ազգային անհատականության ընդլայնմանը: Ընդհանուր անհատականությունը կարևոր է աշխարհի համար՝ դիմագրավելու համաշխարհային խնդիրներին, սակայն մարդիկ քիչ պատկերացում ունեն համաշխարհային անհատականության մասին: Ներկայիս ճգնաժամը կարող է օգնել մեզ՝ զարգացնելու այդպիսի պատկերացում, որ մենք բոլորս մինույն նավակում ենք, բոլոր մարդիկ՝ աշխարհով մեկ: Մենք գիտակցում ենք, որ կորոնավիրուսը յուրաքանչյուրիս խնդիրն է, ինչպես և կլիմայական փոփոխությունը, անհավասարությունը և միջուկային զենքի վտանգը»:

Պեկինի մանկավարժական համալսարանի պրոֆեսոր Լի Ցզինլին. «Կոնֆուցիականությունը ընդգծում էր մարդկանց, քաղաքականության նպատակը ինքնին քաղաքականությունը չէ, այլ մարդկանց ապրելակերպը: Քաղաքական օրինականությունը հիմնվում է առաջնորդների՝ ժողովրդի կամքը ընկալելու կարողության վրա: Ժողովրդի կամքը հասկանալու համար ժողովուրդը պետք է ազատ խոսելու հնարավորություն ունենա: Կոնֆուցիականության իմաստությունը կառավարման առումով իրական նշանակություն կունենար քաղաքական մտածողության համար հետկորոնավիրուսային ժամանակաշրջանում»:

Զամբիացի տնտեսագետ և հեղինակ Դամբիսա Մոյո. «Անգամ, երբ շատ երկրներ կդանդաղեցնեն ներգաղթի մակարդակը՝ օդանավակայանները, նավահանգիստները և սահմանները փակելու օրինական ճապարահով, համաշխարհային համավարակը կարող է հանգեցնել անկանոն գլոբալ միգրացիայի աճի, մասնավորապես զարգացող երկրներից դեպի զարգացած տերություններ: Այսօր ավելի քան 70 մլն փախստական և տեղահանված մարդ կա ողջ աշխարհում: Մեծ թվով մարդիկ ստիպված են ապրել ցածր տնտեսական աճի, կենսամակարդակի և կործանարար կլիմակայական փոփոխության միջավայրում: Համաշխարհային համավարակը պարզապես կընդգծի, թե որքան թույլ են առողջապահական համակարգերն աղքատ երկրներում, որքան խոցելի են այդ երկրների բնակիչները»:

Վիրաբույժ, գյուտարար, գիտնական և Los Angeles Times-ի սեփականատեր Պատրիկ Սուն-Շիոնգ. «Կորոնավիրուսի համավարակն առողջապահական մղձավանջ է, սակայն նաև գիտական երազ: Այն դրդել է ողջ աշխարհի գիտնականներին համագործակցել իրական ժամանակում, ինչպես երբևէ՝ հասկացնելով, որ մենք՝ բոլորս միասնական ենք այս գործում, որ պատվաստանյութ և բուժում գտնելու հարցում ես նույնքան ունեմ քո կարիքը, որքան դու՝ իմը»:

Առևտրի համաշխարհային կամզկերպության նախկին գլխավոր տնօրեն Պասկալ Լամի. «Այն, ինչ տեսնում ենք կորոնավիրուսի համավարակի տարածմանը զուգահեռ, ազգային դիմակայության վերագնահատումն է և ռազմավարական ինքնավարությունը, ինչը կբերի համաշխարհային մատակարարման շղթայի վերակազմավորմանը: Տնտեսությունն առավել ներգրավված կլինի առողջապահության ոլորտում: Հին Վեսթֆալյան համակարգը կտարալուծվի. պետություններն առավել ամուր կդառնան, Եվրոպական Միությունն՝ առավել երերուն»:

Ամերիկացի ֆիզիկոս և ֆանտաստ գրող Դևիդ Բրին. «Հայման Մինսկի անունով երիտասարդը ժամանակին ուսումնասիրում էր մարդկային համակարգերի կայունության բնույթը. կայունության ժամանակ շատերը չեն ենթադրում, թե ինչ քանակի ռիսկեր են կուտկավում: Երբ անկայունություն է տիրում, հավանաբար բոլորը միավորվում են՝ ձերբազատվելով վատ սովորություններից և աշխատելով միասին՝ առավել խելամտորեն»:

Թուրքական արմատներով բրիտանացի գրող Էլիֆ Շաֆաք. «Սա գլոբալիզացման ավարտի սկիզբն է: Նախորդ դարի գլոբալ տնտեսական ինտեգրումն ամբողջովին կցնցվի: Մեծագույն պարադոքս է, որ մի ժամանակահատվածում, երբ ունենք աճող գլոբալ խնդիրներ և գլոբալ համագործակցության կարիք, նկատում ենք հակառակ պատկերը՝ մեկուսացումն առավել արագ ընթացք է ստանում:
Տարբեր երկրներ, գուցե, տարածաշրջանային դաշինքներ ձևավորեն՝ մի շարք հարցերի շուրջ համագործակցելու համար: Ոչ թե նախորդ դարի տնտեսական գլոբալիզացումը, այլ ինտերնացիոնալիզմի նոր ոգին՝ որոշակի հարցերով սահմանափակված, ինչպես օրինակ՝ առողջապահական և բնապահպանական, կհանգեցնեն ազգայնականության հին և նոր ձևերի առաջացմանը:
Նկատում ենք նաև ավտորիտարիզմի տարբեր ձևերի աճ: Եվրոպայում ունենք ավտորիտար պետություն՝ Հունգարիան, որի վարչապետ Վիկտոր Օրբանը համավարակն օգտագործել է որպես պատրվակ իր իշխանության հետագա տարածման և հակառակորդներին լռեցնելու համար:
Մինչդեռ Թուրքիայում Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է օգուտ քաղել անհանգիստ իրավիճակից և չի տատանվի իր ինքնակալությունը հաստատելու համար, փախստականներին որպես սակարկման միջոց օգտագործելուց առաջ»:

Հարվարդի համալսարանի կառավարման դպրոցի նախկին դեկան Ջոզեֆ Նայ. «Այսպիսով, ԱՄՆ-ը և Չինաստանը առաջին երկու խոշոր տնտեսություններն են, որոնք դիմակայում են կորոնավիրուսին՝ հակված լինելով կարճաժամկետ, մրցակցող միջոցներին՝ քիչ ուշադրություն դարձնելով համագործակցությանը: Մրցակցող քարոզարշավի փոխարեն, առաջնորդները պետք է կարևորեն «միասնական ուժի» և ոչ թե ուրիշներին «շրջանցելու» հանգամանքը: Եթե ընտրենք միասնականության տարբերակը, «Քովիդ-19»-ը կբերի առավել լավ աշխարհի, սակայն եթե շարունակենք ներկայիս ուղիով ընթանալ, վիրուսն ուղղակի կուժեղացնի ազգայնական պոպուլիզմի և ավտորիտարիզմի ձգտումները»:

Գյուտարար և Sun Microsystems-ի համահիմնադիր Բիլ Ջոյ. «Մեզ բազմիցս զգուշացրել են, որ մենք գերազանցում ենք մոլորակային սահմանները, որն էական սպառնալիքներ է բերում: Եթե մենք շարունակենք նույն տեմպերով նոր սահմաններ հատել, սպառնալիքները ևս կարագանան: Մինչդեռ մենք միասնականորեն անտեսում էինք սառույցների հալոցքի և Ամազոնյան անտառների կորստի խնդիրները, բախվեցինք մեկ այլ սպառնալիքի, որը չենք կարող անտեսել՝ «Քովիդ-19»-ի համավարակին»:

Բերգրունի ինստիտուտի չինական կենտրոնի տնօրեն Բինգ Սոնգ. «Շատ արևմտյան երկրների արձագանքը կորոնավիրուսի դեմ պայքարում արտացոլում է շահագրգիռ կողմերի հաշվետվողականության մոդելը, երբ կառավարությունն ապահովում է իր որոշումներ կայացնելու մեթոդի լիարժեք թափանցիկությունը: Ի տարբերություն, պատերնալիստական կառավարությունները, ինչպիսիք է Չինաստանը, բնորոշվում են հանրային աչքից հեռու արտակարգ որոշումներ կայացնելու սկզբունքով: Երկու մոդելներն էլ ունեն առավելություններ և որոգայթներ: Պատերնալիստական մոդելի դեպքում անթափանցիկությունը կարող է հակարդյունավետ լինել և ինքնակործանման հանգեցնել:










