Անվտանգության տեսախցիկներ անգամ զուգարաններում. Վրաստանի դպրոցներից մի քանիսում խախտվել են տեսահսկման համակարգի օգտագործման կանոնները
Վրաստանում տեսչական գրասենյակի ստուգումներից հետո պարզ է դարձել, որ երկրի որոշ պետական և մասնավոր դպրոցներ խախտել են տեսահսկման համակարգի օգտագործման կանոնները: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով տեսուչ Լինդա Թոլորաիային:
Թոլորաիան մասնավորապես նշել է, որ որոշ դպրոցներում տեսախցիկներ են տեղադրվել հիգիենայի համար նախատեսված վայրերում:
Տեսուչը նշել է նաև, որ որոշ դպրոցներում երեխաների մասին տվյալներ հավաքվում են օրենքով թույլատրելիից շատ և դրանք հասանելի են դառնում ոչ միայն լիազորված դեմքերին, այլ նաև դպրոցի աշխատակազմի այլ ներկայացուցիչների:
«Մենք պարզել ենք, որ երեխաների մասին օրենքով թույլատրվածից շատ տեղեկություն է հավաքվում և պահվում: Դեպքեր են եղել, որ երեխաների փաստաթղթերը հասանելի են եղել ոչ միայն լիազորված անձանց, այլ նաև դպրոցի աշխատակազմի այլ անդամների, ինչը, իհարկե, վտանգավոր է: Որոշ դեպքերում չեն պահպանվել տեսահսկման համակարգի օգտագործման կանոնները, տեսախցիկներ են տեղադրվել անգամ հիգիենայի համար նախատեսված վայրերում, զուգարաններում»,-ասել է Թոլորաիան:
Վրացական դպրոցներում ստուգումները շարունակվելու են:










