«Աշխարհի փրկությունը խաչի ու կիսալուսնի դաշինքի մեջ է». Պոլսո Հայոց պատրիարքը կոչ է արել Սուրբ Սոֆիայի տաճարն աղոթատեղի դարձնել և՛ մահմեդականների, և՛ քրիստոնյաների համար
Պոլսո Հայոց պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանը կոչ է արել Սուրբ Սոֆիայի տաճարը դարձնել աղոթատեղի թե՛ մահմեդականների, թե՛ քրիստոնյաների համար: Այս մասին նա գրել է իր թվիթերյան օգտահաշվում:
Հայտարարելով, որ Սուրբ Սոֆիայի տաճարը կառուցվել է տասնյակ հազարավոր աշխատավորների ջանքերով՝ Մաշալյանը գրել է.
«1500 տարվա ընթացքում անթիվ վերանորոգումներ, Սուլթան Ֆեթիհ հիմնադրամի ջանքերը... Դրանից հետո այն պիտի պահպանվեր որպես երկրպագության վայր, այլ ոչ թե թանգարան: Ես կարծում եմ, որ ավելի ճիշտ է, որ մարդիկ այստեղ ծնկաչոք աղոթեն, ոչ թե գան լուսանկարվելու: Թող Սուրբ Սոֆիան բացվի սերնդի առաջ: Տաճարը բավականին մեծ է, քրիստոնյաների համար էլ տեղ կգտնվի: Թող աշխարհը ծափահարի մեր կրոնական համերաշխությանն ու գիտակցությանը: Թող Սուրբ Սոֆիան վերածվի մարդկության համերաշխության մի նշանի: Շատ ուտոպիակա՞ն է: Մի՞թե մենք չենք խոնարհվում նույն երկնքի գմբեթի տակ: Մենք կարող ենք կիսել նաև Սուրբ Սոֆիայի գմբեթը: Մի՞թե մենք չենք հավատում նույն Աստծուն, անգամ եթե մեր մեկնաբանությունները տարբեր են: Չեմ կարծում, որ տաճարը, որն իր պատերի մեջ կլանել է 1000 տարվա քրիստոնեական և 500 տարվա մահմեդական աղոթքներ և սինթեզավորել է դրանք իր խորհրդավոր գոյության մեջ, դեմ կլինի դրան:
Մտեք տաճար, լռություն շնչեք ու սովորեք դրանից: Սուրբ Սոֆիան ՝ «Սուրբ իմաստություն» տաճարը, ձեզ խորհուրդ կտա, որ ձեր տեսած 1500 տարվա մարդկության պատմության ընթացքում խաղաղությունից ավելի արժեքավոր ոչինչ գոյություն չունի: Մենք խաչի և կիսալուսնի կռվի կարիք չունենք: Աշխարհի փրկությունը խաչի ու կիսալուսնի դաշինքի մեջ է: Այսպիսի խաղաղությունն արժանի է աշխարհին ներկայացնելու Թուրքիայի Հանրապետությունը»,-գրել է Պոլսո Հայոց պատրիարքը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգնականներին հանձնարարել է Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանից մզկիթի կարգավիճակի վերափոխելու մասին բազմակողմանի ուսումնասիրություն կատարել:
Սուրբ Սոֆիայի տաճարը բյուզանդական ճարտարապետության հուշակոթող է: Այն կառուցվել է 532-537 թվականներին ՝ Հուստինիանոս կայսեր կողմից, որը որոշել էր այս տաճարով հավերժացնել Կոստանդնուպոլսի փառքը:
1453-ին Բյուզանդական կայսրության անկումից հետո տաճարը վերածվել է մզկիթի: 1935-ին, Թուրքիայի կառավարության որոշմամբ, որը ստորագրվել է ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կողմից, տաճարը դարձել է թանգարան, կառույցի պատերը մաքրվել են որմնանկարներից և խճանկարներից: 1985-ին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:










