Ամերիկյան Փորթլենդ քաղաքում ԱՄՆ երրորդ նախագահ Ջեֆերսոնի արձանը դեն են նետել, իսկ պատվանդանի վրա «ստրկատեր» գրել (լուսանկար)

16:36 • 15.06.20

ԱՄՆ Օրեգոն նահանգի Փորթլենդ քաղաքի արվարձանում անհայտ անձինք պատվանդանից գցել են ԱՄՆ երրորդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնի բրոնզե հուշարձանը, հայտնի է դառնում տեղական KOIN-TV հեռուստաընկերության կայքից։

Աղբյուրը մանրամասնում է, որ կիրակի ցերեկը Ջեֆերսոնի անվան դպրոցի դիմաց տեղադրված արձանի մոտ տասնյակ ցուցարարներ են հավաքվել՝ Black Lives Matter միջազգային շարժման շրջանակում սևամորթների իրավունքների պաշտպանության համար ակցիա իրականացնելու նպատակով։ Ցույցի մասնակիցները հուշարձանի պատվանդանի վրա «ստրկատեր» բառն են գրել, իսկ ահա ավելի ուշ նրանց՝ տեղական այգիներից մեկի ուղղությամբ շարժվելուց հետո հուշարձանը տեղահան է արվել։

Նշվում է, որ ներկա պահին իրավախախտի անունը դեռևս հայտնի չէ։ Սա Օրեգոն նահանգում վերջին հանգստյան օրերին տեղահան արված արդեն երրորդ արձանն է։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում և արդեն մի շարք այլ երկրներում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել մայիսի 25-ին սոցցանցերում տարածված 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հրապարակումից հետո, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահանում է։