Վոլգոգրադում 14-ամյա դեռահասի են ձերբակալել, որը դպրոցում զանգվածային սպանություն իրագործելու պլաններ է ունեցել (լուսանկար)

15:24 • 15.06.20

Վոլգոգրադում 14-ամյա դեռահասի են ձերբակալել, որը դպրոցի վրա հարձակում գործելու պլաններ է ունեցել․ ավելի ուշ տղային կալանավորել են, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Աղբյուրը մանրամասնում է, որ խուզարկման արդյունքում ինքնաշեն ռումբ, Մոլոտովյան 18 կոկտեյլ և սառը զենք է հայտնաբերվել։ Նշվում է, որ համակարգչի էկրանի վրա ոստիկանները 2018 թվականի Կերչի քոլեջներից մեկում զանգվածային սպանություն իրականացրած Վլադիսլավ Ռոսլյակովի լուսանկարն են հայտնաբերել։

«Առգրավվել են նաև կապի միջոցներ և ձեռագիր գրառումներ, որոնք ինքնաշեն ռումբերի պատրաստման ուղեցույց և կրթական հաստատությունների վրա զինված հարձակումների կազմակերպման մասին տեղեկություններ են պարունակել»,- ասվում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության մամուլի հաղորդագրության մեջ։

Տղան, իր հերթին, նշել է, թե այդ ամենը ծրագրել է բացառապես զվարճանքի նպատակով օգտագործել և գործի դնել քաղաքից հեռու ոչ մարդաշատ վայրերում։

«Սակայն քննությունը հիմք ունի ենթադրելու, որ դեռահասի նպատակն ուսումնական հաստատությունն է եղել, իսկ զոհերը պետք է լինեին դպրոցի աշխատակիցն ու աշակերտներից մեկը, որոնց հետ նա կոնֆլիկտ է ունեցել, ինչպես նաև այլ անձինք»,- հավելել են Քննչական կոմիտեում։

Գերատեսչությունից նշում են նաև, որ հնարավոր է՝ երիտասարդը հանցակիցներ է ունեցել այս գործում։ Պայթուցիկ նյութերի պատրաստման և 2 կամ ավելի անձանց սպանությանը պատրաստվելու վերաբերյալ հարուցվել են քրեական գործեր։