«Թրամփի բարձունքներ»․ Իսրայելն անցնում է Թրամփի պատվին նոր բնակավայր կառուցելու աշխատանքներին

10:12 • 15.06.20

Իսրայելն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատվին նոր բնակավայր կառուցելու իրական քայլերին է անցնում, գրում է eadaily.com կայքը՝ հղում տալով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ կառավարության նիստի ժամանակ արված հայտարարությանը։

Հայտնի է, որ օբյեկտը ստեղծվելու է Գոլանի բարձունքներում և «Ռամաթ-Թրամփ» անունն է կրելու, ինչը թարգմանաբար նշանակում է Թրամփի բարձունքներ։

Նշվում է, որ բնակավայրի հիմքը գցելու արարողությունը տեղի է ունեցել անցյալ տարվա հունիսին, որին ներկա է գտնվել Իսրայելում ԱՄՆ դեսպան Դևիդ Ֆրիդմանը։

«Շնորհակալություն եմ հայտնում վարչապետ Նեթանյահուին և Իսրայել պետությանը նման պատվի համար»,- դեռևս այն ժամանակ թվիթերյան իր օգտահաշվում գրել էր Թրամփը։

Հիշեցնենք, որ Գոլանի բարձունքներում կառուցվելիք բնակավայրն ԱՄՆ գործող նախագահի պատվին անվանակոչելու որոշումը կայացրել է Նեթանյահուն 2019 թվականի ապրիլին՝ այն բանից հետո, երբ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով Վաշինգտոնը ճանաչում է Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը։ Մինչ այդ ԱՄՆ-ն արդեն Երուսաղեմը ճանաչել էր որպես Իսրայելի մայրաքաղաք և այնտեղ էր դեսպանատունը տեղափոխել: