Դաղստանում ճամբարում տեղի ունեցած անկարգություններին մասնակցել է Ադրբեջանի շուրջ 400 քաղաքացի, նրանք փորձել են փակել «Կովկաս» մայրուղին
Դաղստանի ժամանակավոր կացության ճամբարում տեղի ունեցած անկարգություններին մասնակցել է Ադրբեջանի շուրջ 400 քաղաքացի, նրանք փորձել են փակել «Կովկաս» դաշնային մայրուղին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Դաղստանի հանրապետական քննչական կոմիտեի քննչական վարչությանը:
«Նախնական տվյալներով՝ հունիսի 15-ին՝ ժամը մոտ 20:30-ին, Ադրբեջանի շուրջ 400 քաղաքացիներ, որոնք դժգոհ են Ադրբեջան վերադառնալ չկարողանալու համար, դուրս են եկել «Կովկաս» ավտոմայրուղի և փորձել են կանգնեցնել երթևեկությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Երբ նրանց փորձել են հանգստացնել ոստիկանները, վերջիններիս ուղղությամբ քարեր և այլ առարկաներ են նետվել:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ռուսաստանի Դաշնության կազմում գտնվող Դաղստանի Հանրապետությունում Ադրբեջանի քաղաքացիները հարձակվել են ոստիկանների վրա, մեքենաներ վնասել կորոնավիրուսի պատճառով Ադրբեջան վերադառնալ չկարողանալու համար և փորձել են հատել պետական սահմանը:
Տեղի իշխանությունները նախատեսում են հանդիպում ունենալ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ և քննարկել իրավիճակը:










