Հայաստանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի ԱԳ նախարարի հետ․ զրուցակիցները վերահաստատել են համատեղ ջանքերով համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը

18:33 • 16.06.20

Հունիսի 16-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Սերբիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Իվիցա Դաչիչի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։

Հայաստանի և Սերբիայի Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավարները մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների հասցեագրման և սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարման ուղղությամբ ազգային մակարդակներում ձեռնարկվող քայլերի շուրջ:

Արտգործնախարարները գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջև բարձր մակարդակով հաստատված քաղաքական երկխոսության դրական դինամիկայի կապակցությամբ և վերահաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը՝ համատեղ ջանքեր գործադրել համագործակցությունն առավել ընդլայնելու ուղղությամբ, այդ թվում բարձրաստիճան փոխայցերի և հանդիպումների միջոցով։

ՀՀ ԱԳ նախարարը բարձր գնահատեց նախարար Դաչիչի ներդումը հայ-սերբական համագործակցության ընդլայնման ուղղությամբ և այս համատեքստում առանձնապես կարևորեց Հայաստանում Սերբիայի դիվանագիտական ներկայացուցչություն հիմնումը: