Փաշինյանի հրամանով Ռոմանին՝ մեզ այդքան հպարտություն պարգևած մարդուն պառկեցնում են ասֆալտին․ Միհրան Հակոբյանը՝ մարզիկին բերման ենթարկելու մասին

12:27 • 16.06.20

Քաղաքական, հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների եռակի մեդալակիր, Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանին բերման ենթարկելու կադրերը։

«Մենք Ռոմանով հիացել ու հպարտացել ենք: Ռոմանը մեզ ուրախություն ու հպարտություն է պարգևել: Հիմա Նիկոլ Փաշինյանի հրամանով Ռոմանին` մեզ այդքան հպարտություն պարգևած մարդուն, պարկացնում են ասֆալտին, որովհետև Ռոմանը համարում է, որ ինքը ՀՀ քաղաքացի է, համարում է, որ կարծիք ու տեսակետ ունենալու իրավունք ունի: Սա խայտառակություն է, ուրիշ ոչինչ: Միրզոյան Արարատի ասած` է՞ս չեք, արա...»,-գրել է Միհրան Հակոբյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ-ում ընթանում է Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և որպես մեղադրյալ ներգրավելու հարցով նիստը։ ԱԺ-ի մոտ հավաքվել են Գագիկ Ծառուկյանի աջակիցները, որոնց թվում էլ եղել է Ռոման Ամոյանը, ում նույնպես, ի թիվս տասնյակ քաղաքացիներ, բերման են ենթարկել։