Իռլանդիայում առաջին անգամ 2 վարչապետ է ընտրվել

01:46 • 16.06.20

Իռլանդիայում խորհրդարանական ընտրություններին հետևած և մոտ 4 ամիս ձգված բանակցությունների արդյունքում խորհրդարան անցած երեք քաղաքական ուժերը երկրի պատմության մեջ առաջին անգամ 2 վարչապետ են ընտրել, հայտնում է РИА Новости-ն:

Մինչև 2022թ-ը երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնելու է «Ֆիաննա Ֆայլ» լիբերալ-հանրապետական կուսակցության ղեկավար Միհոլ Մարտինը, իսկ նրան այնուհետև փոխարինելու է ներկայիս վարչապետ, մինչև փետրվարին կայացած խորհրդարանական ընտրությունները իշխող «Ֆինե Գել» կուսակցության ղեկավար Լեո Վարադկարը:

Ապագա կոալիցիոն կառավարության ծրագրում երեք քաղաքական ուժերը շեշտել են, որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում անհրաժեշտ է առանձնահատուկ ճկունություն դրսևորել հանուն քաղաքացիների շահի:

Մինչև այս Իռլանդիայի քաղաքական համակարգում երկու վարչապետի ընտրության և նրանց ռոտացիոն կարգով պաշտոնավարման նախադեպ չէր գրանցվել. մշտապես երկրի վարչապետ է ընտրվել այն քաղաքական ուժի ղեկավարը, որը խորհրդարանական ընտրությունների արդյունքներում ձայների մեծամասնությունն է ստացել: Այս անգամ որևէ ուժի դա չէր հաջողվել, որի պատճառով էլ մոտ 4 ամիս խորհրդարան անցած 3 կուսակցությունները բանակցություններ էին վարում: