Ռուսաստանն ու Թուրքիան կշարունակեն աշխատել Լիբիայում տևական հրադադարի հաստատման ուղղությամբ

05:29 • 16.06.20

Չնայած հունիսի 14-ին նախատեսված բանակցությունների հետաձգվելուն, Թուրքիան կշարունակի աշխատել Ռուսաստանի հետ Լիբիայում տևական հրադադարի հաստատման ուղղությամբ, Al Jazeera-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշողլուն Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ ճեպազրույցի ժամանակ:

Նրա խոսքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանավորվածություն են ձեռք բերել բանակցությունները շարունակելու վերաբերյալ, և որ նախատեսված բանակցությունների հետաձգումը կապված չէ իրավիճակի կարգավորման առանցքային սկզբունքների վերաբերյալ կողմերի ունեցած մոտեցումների հետ:

Լիբիայի՝ միջազգայնորեն ճանաչված Ազգային համաձայնության կառավարությունը (GNA) վերջին շաբաթներին առաջխաղացում է գրանցել Հաֆթարի ղեկավարած Լիբիայի ազգային բանակի (LNA) դիրքերի նկատմամբ, որին աջակցում են Ռուսաստանը, Միացյալ Էմիրություններն ու Եգիպտոսը:

Կողմերի միջև թեժ բախումներ են ընթանում, քանի որ կառավարական ուժերը պաշարել են Հաֆթարի ուժերի վերահսկողության տակ գտնվող Սիրտե քաղաքը, որն էլ մոտ է գտնվում էներգակիրների արդյունահանման միջերկրածովյան տեղամասերին: