Հնարավոր է՝ Երևանի ամեն վարչական շրջանում բաց մնա միայն մեկ մանկապարտեզ. երեխաների միայն 6-7 %-ն է հաճախում. Հայկ Մարության (տեսանյութ)

18:47 • 16.06.20

Բավականին մեծ գումարներ են ծախսվել՝ ապահովելու համար երեխաների անվտանգությունը, բայց այս պահին մանկապարտեզներ այցելում է երեխաների միայն 6-7%-ը: Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Արդեն քննարկվում է դրանք բաց պահելու նպատակահարմարությունը: Կա տարբերակ, որ ամեն վարչական շրջանում թողնենք 1 մանկապարտեզ, միգուցե դա արվի»,-նշեց նա:

Անդրադառնալով համավարակի պայմաններում Երևան համայնքի կատարած աշխատանքներին՝ Մարությանը տեղեկացրեց, թե 2020թ. բյուջեից համայնքային միջոցներով բոլոր հիվնադանոցային և արտահիվանդանոցային կազմակերպությունների աշխատակիցներին տրամադրել են բժշկական պարագաներ, կատարվել են բազմաբնակարան շենքերի ախտահանումներ, տրանսպորտային միջոցների ախտահանում և մի շարք այլ միջոցառումներ:

«Երևան համայնքի բյուջեից ֆինանսավորվել է 3550 բնաիրային փաթեթ, որի շահառուներն են՝ միայնակ, անժառանգ տարեցները»,-հավելեց քաղաքապետը:

Մարությանը ևս կարևորեց դիմակների կրումը, կանոնների պահպանումը՝ նշելով, թե բոլորն այս պահին պետք է իրենց մի քիչ նեղություն տան՝ իրավիճակը հաղթահարելու համար:

«Դիմակ չկրելով հերոսություն չեք անում, հակառակը, եթե վարակակիր եք, չգիտեք այդ մասին ու դիմակ չեք կրում, այդ մարդն ինձ համար հանցագործ է, նա անում է հանցագործություն: Ձեր դիմակը պաշտպանում է Ձեր դիմացինին, դիմացինի դիմակը՝ Ձեզ»,-ասաց նա: Մարությանը նշեց նաև, թե ծնողներին երեք ամիս է չի տեսել, որովհետև ուզում է պաշտպանել իրենց: «Օգտվելով առիթից՝ ուզում եմ նաև բարևներ ուղարկել»,-հավելեց նա: