Ուղիղ ցուցմունք կա, որն առնչվում է Գագիկ Ծառուկյանին. ընտրակաշառքը բաժանվել է հավասարապես և՛ կուսակցության, և՛ կոնկրետ անձի համար․ Գլխավոր դատախազ (տեսանյութ)
Որևէ անձ կոնկրետ ցուցմունք տվե՞լ է, որ Գագիկ Ծառուկյանը գումար է տվել այսինչ նպատակով: Այս մասին այսօր Ազգային ժողովում հարցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, երբ ՀՀ գլխավոր դատախազն Ազգային ժողովին ներկայացնում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հետապնդման ենթարկելու մեղադրանք առաջադրելու համար անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունը:
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պատասխանեց, որ այս քրեական գործով երկու ձեռբակալված անձիք կան, կասկածյալի կարգավիճակով ունենք բազմաթիվ անձանց կողմից տրված ցուցմունքներ: «Հաստատում եմ՝ ուղիղ ցուցմունք կա, որն առնչվում է Գագիկ Ծառուկյանին»,-ասաց նա և նշեց, որ ամբողջ կարմիր թելով ապացուցողական բազան գնում է նրան, որ ընտրակաշառքը բաժանվել է հավասարապես և՛ կուսակցության համար, և՛ կոնկրետ անձի համար:
Միքայել Մելքումյանը նաև հարց բարձրացրեց, թե արդյոք Գագիկ Ծառուկյանին լսել են: «Կարող է այնպիսի փաստարկներ լինի, որ ձեր առաջարկած մեղադրանքը հօդս ցնդի»,-ասաց նա: Արթուր Դավթյանը պատասխանեց, որ այո, պարոն Ծառուկյանին հարցաքննելու ենք, բայց հարց է՝ ինչ կարգավիճակով կհարցաքննենք:










