Հյուսիսային Կորեան սպառնում է թերակղզու ապառազմականացված գոտի զորք մտցնել
Հյուսիսային Կորեայի գլխավոր շտաբը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն կարող է զորք մտցնել թերակղզու ապառազմականացված համարվող տարածքներ, որոնք այդպիսի կարգավիճակ են ստացել Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև կնքված համաձայնագրերով, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնում է Կենտրոնական հեռագրային գործակալությունը:
Գլխավոր շտաբի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Հյուսիսային Կորեայի բանակն անմիջապես և հետևողականորեն կկատարի կուսակցության և կառավարության ցանկացած հրաման:
«Մենք ստացել ենք կուսակցության դիրքորոշումը՝ քննարկելու համար գործողությունների ծրագիր, որով բանակը կրկին կմտնի միջկորեական համաձայնագրերով սահմանված ապառազմականացված գոտի և քայլեր կձեռնարկի ռազմաճակատը ամրոցի վերածելու, Հարավայի Կորեայի նկատմամբ ռազմական զգոնությունն ամրապնդելու ուղղությամբ», - հայտարարել է Գլխավոր շտաբը:
2018թ-ին Հյուսիսային և Հարավային Կորեաների ղեկավարները համաձայնագիր էին ստորագրել՝ կողմերի միջև թշնամանքի վերացման և համագործակցության ներդրման վերաբերյալ: Վերջին շրջանում, սակայն, երկկողմ հարաբերությունները կրկին լարվել են. պատճառն այն է, որ չնայած Փհենյանի զգուշացումներին, հարավկորեացի ակտիվիստները սահմանին դեպի Հյուսիսային Կորեայի տարածք պոլիէթիլենային օդապարիկներ են արձակել, որոնց վրա քարոզչական կարգախոսներ են փակցված եղել:










