Օսկարի մրցանակաբաշխությունը կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է

04:34 • 16.06.20

Պատմության մեջ արդեն 4-րդ անգամ համաշխարհային կինոարտադրության ամենահեղինակավոր՝ Օսկարի մրցանակաբաշխությունը հետաձգվել է, այս անգամ՝ կորոնավիրուսի պատճառով, հայտնում է Al Jazeera-ն:

ԱՄՆ կինոարվեստի և գիտության ակադեմիան և ABC հեռուստատեսային ցանցը հայտարարել են, որ Օսկարի հաջորդ՝ 93-րդ մրցանակաբաշխությունը կկայանա 2021թ-ի ապրիլի 25-ին, քանի որ կորոնավիրուսային համաճարկը կինոարտադրության ոլորտին լուրջ վնասներ է պատճառել:

Ակադեմիայի կառավարման խորհուրդը որոշել է երկարաձգել խաղարկային ֆիլմերի ընտրության ժամկետը մինչև 2021թ-ի փետրվարի 28-ը՝ հույս ունենալով, որ սա հնարավորություն կտա կինոարտադրողներին ավարտին հասցնել ֆիլմերի նախապատրաստական աշխատանքները:

Մրցանակաբաշխությունը հետաձգելու որոշման հիմքում ընկած է նաև կինոթատրոնների փակ լինելու հանգամանքը: