Սպիտակ-Վանաձոր ճանապարհին տեղի ունեցած վեճի ժամանակ Վանաձորի 43-ամյա բնակիչը որսորդական հրացանով կրակել է Երևանի 27-ամյա բնակչի դեմքին․ Գուգարքի ոստիկանները բացահայտել են տեղի ունեցածը (տեսանյութ)

23:17 • 16.06.20

Հունիսի 14-ին, ժամը 3-ի սահմաններում, մի կին 1-02 էր զանգել և հայտնել, որ Վանաձոր քաղաքի ցուցանակի մոտ արնոտված մի տղամարդ է իրենց մեքենան փորձել կանգնեցնել, սակայն իրենք չեն կարողացել կանգնել:  Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Հաղորդումը տարածքային կարգով փոխանցվեց ոստիկանության Գուգարքի բաժին:
Քրեական հետախույզների անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվեց, որ նույն օրը, ժամը 1.30-ի սահմաններում, Սպիտակ-Վանաձոր ճանապարհի սննդի օբյեկտներից մեկի մոտ Վանաձորի Անդրանիկի փողոցի 43-ամյա մի բնակիչ վիճել է երևանցի 27-ամյա մի երիտասադի հետ և «Վալտեր» տիպի 12 մմ տրամաչափի որսորդական մեկփողանի հրացանով կրակել նրա դեմքին, ինչի հետևանքով երիտասարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածվողը նույն օրը, ժամը 7.30-ին, ներկայացավ ոստիկանության Գուգարքի բաժին` իր հետ բերելով հրացանը:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: