Ես հասկանում եմ՝ 2017-ին կաշառք տալու վերաբերյալ չեն հարուցվել քրգործեր, որովհետև այսօրվա մերձիշխանական գործարարների սուպերմարկետներում տեղադրված են «Սիթի օֆ սմայլ»-ի դրամահավաքի արկղերը․ Ի․ Տոնոյան

11:06 • 16.06.20

Այն, որ ԱԺ-ին ձեր միջնորդությունը բացարձակ ապօրինի է, դա փաստ է: Այս մասին այսօր Ազգային ժողովում, դիմելով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ով Ազգային ժողովում ներկայացնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և մեղադրանք առաջադրելու վերաբերյալ միջնորդագիրը, ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Ես, իհարկե, հասկանում եմ, որ Անդերսոնը հեքիաթասաց ոլորտում լուրջ մրցակից ունի այսօր, բայց ձեզ չի հաջողվելու որևէ մեկին համոզել, որ ձեր ներկայացրած միջնորդության մեջ կա փաստ»,-ասաց նա և անդրադարձավ Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությանը, խնդրեց հիմնավորել գործողությունները, ներկայացնել գործողությունների տրամաբանությունը և հիմքերը:

Դատախազը վստահորեն ասաց, որ հրապարակեց ապացույցների շատ փոքր զանգված, որը հիմնավորում է Գագիկ Ծառուկյանի հետ կապը և ավելի քան բավարար է վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար:

Իվետա Տոնոյանը շարունակեց. «Դուք ինքներդ նշեցիք, որ 2017 թվականին, հանդիսանալով գլխավոր դատախազ, առաջադրվում էին մամուլում տեղեկություններ, որ այս կամ այն գործող պատգամավորն իր ենթակայության տակ գտնվող աշխատակիցներին կաշառք է տալիս և դրանց հետ կապված որևէ զարգացում, քրեական գործ չի հարուցվել: Ես, իհարկե, շատ լավ եմ հասկանում, թե ինչու չի հարուցվել, որովհետև այսօրվա մերձիշխանական գործարարների սուպերմարկետներում պարզապես տեղադրված է Աննա Հակոբյանի «Սիթի օֆ սմայլ»-ի դրամահավաքի համար նախատեսված արկղերը»,-ասաց նա:

Պատգամավորները, կարծեք, փորձում էին արձագանքել տեղից, և Իվետա Տոնոյանը արձագանքեց. «Կարող եք չծվծվալ տեղներից»:

Իվետա Տոնոյանը հարցրեց, թե արդյոք խելամի՞տ է համարում դատախազը, որ այն փաստաթղթերը, որոնք փաստաբանական խմբին անգամ չեն տրամադրվել, հայտնվում են մի շարք լրատվամիջոնցերում, իշխանական պատգամավորների և նախարարների էջում: Դատախազը նշեց, որ ապատեղեկատվություն է, որ նախկինում ընտրությունների վերաբերյալ հրապարակային տեղեկություններով որևէ զարգացում չի եղել: