ԱՄՆ Սենատը հավանություն է տվել միջուկային փորձարկումների նախագծերի համար 10 մլն դոլարի հատկացմանը

08:37 • 16.06.20

ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեն հավանություն է տվել 10 մլն դոլարի հատկացմանն այն նախագծերի իրականացման համար, որոնք ուղղված են միջուկային փորձարկումների անցկացման համար անհրաժեշտ ժամանակի կրճատմանը, հայտնել է Hill պարբերականը:

Պարբերականի տվյալներով՝ հանրապետական սենատոր Թոմ Քոթոնի առաջարկած փոփոխության շնորհիվ հաջորդ տարվա պաշտպանական բյուջեի նախագծին առնվազն 10 մլն դոլար կտրամադրվի «այն նախագծերի իրականացման համար, որոնք կապված են անհրաժեշտության դեպքում միջուկային փորձարկումներ անցկացնելու համար անհրաժեշտ ժամանակի կրճատման հետ»։

Պարբերականը հիշեցնում է, որ անցյալ ամիս Washington Post թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահի վարչակազմում քննարկվել է 1992 թվականից ի վեր առաջին միջուկային փորձարկումը անցկացնելու հնարավորությունը։

Պարբերականի տվյալներով՝ այդ հարցը անցած քննարկվել է ազգային անվտանգությամբ զբաղվող գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման ժամանակ։ Քննարկման համար առիթ են դարձել այն խոսակցությունները, որ Ռուսաստանն ու Չինաստանը փոքր հզորության միջուկային զենքի փորձարկումներ են իրականացնում։

Վարչակազմի աղբյուրի կարծիքով՝ ԱՄՆ-ն ցանկանում է Մոսկվային և Պեկինին ցույց տալ, որ կարող է «արագ փորձարկումներ» անցկացնել, ինչը կարող է օգտակար լինել հրթիռամիջուկային սպառազինությունների վերահսկման շուրջ բանակցությունների տեսանկյունից: