Նյու Յորքի ոստիկանության որոշ ստորաբաժանումներ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով առաջացած բողոքի ցույցերի ֆոնին կլուծարվեն
Նյու Յորքի ոստիկանության որոշ ստորաբաժանումներ, որոնք քաղաքացիական հագուստով են աշխատել և զբաղվել են քրեական հանցագործությունների դեմ պայքարով, կլուծարվեն. շուրջ 600 ծառայող կտեղափոխվի այլ պաշտոնների, մամուլի ասուլիսում հայտնել է ոստիկանության ղեկավար Դերմոտ Շին, գրում է The New York Times-ը։
«Ես հանդիպում եմ ունեցել ոստիկանության դեպարտամենտի ղեկավարության հետ։ Նրանք քաղաքացիական հագուստով ստորաբաժանումներ են, որոնք զբաղվել են հանցավորության դեմ ավանդական պայքարով։ Մենք նրանց՝ մոտավորապես 600 աշխատակցի, անմիջապես կտեղափոխենք հնարավոր այլ պաշտոնների, այդ թվում՝ քննչական բյուրոներ, պարեկության և այլ պաշտոնների»,- ասել է Շին:
Նրա խոսքով՝ 21-րդ դարի ոստիկանությունը հենվում է նախևառաջ ինտելեկտի, տվյալների, տեսանյութերի, ԴՆԹ-ի և ապացուցողական բազայի ստեղծման վրա:
«Մենք պետք է աշխատենք այնպես, որ ամրապնդենք վստահությունը ոստիկանների և հասարակության միջև, որին նրանք ծառայում են։ Մենք ողջունում ենք ոստիկանության բարեփոխումները։ Եվ մենք կարծում ենք, որ բարեփոխումը սկսվում է ներսից»,- հայտարարել է ոստիկանության ղեկավարը։
Ավելի վաղ Նյու Յորքի իշխանություններն աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով առաջացած բողոքի ցույցերի ֆոնին որոշում էին ընդունել ոստիկանության աշխատանքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին:
Անցյալ շաբաթ Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն օրենքներ է ստորագրել, որոնք խստացնում են հսկողությունը ոստիկանության գործողությունների նկատմամբ, այդ թվում՝ ձերբակալման ժամանակ խեղդող միջոցների կիրառման և ոստիկանների վերաբերյալ կարգապահական բնույթի տեղեկությունների բացահայտման մասին օրենսդրական ակտերը:










