Օջալանի փաստաբանները դիմել են Բուրսայի դատախազություն՝ իրենց պաշտպանյալին հանդիպելու խնդրանքով. նախկին 79 դիմումներն անպատասխան են մնացել

17:35 • 16.06.20

Թուրքիայի Իմրալը կղզում ցմահ բանտարկության դատապարտված Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) նախագահ Աբդուլլահ Օջալանի փաստաբանները դիմում են ներկայացրել Բուրսայի դատախազություն` իրենց պաշտպանյալին հանդիպելու խնդրանքով: Փաստաբանների նախորդ 79 դիմումներն անպատասխան են մնացել: Այս մասին գրում է Gazete Duvar պարբերականը:

Օջալանի փաստաբաններ Նևրոզ Ույսալը, Ֆաիք Օզգյուր Էրոլը, Ջենգիզ Յուրեքլին և Մազլում Դինչը դատախազությանը խնդրել են թույլատրել իրենց հանդիպել Օջալանի հետ վաղը` հունիսի 17-ին:

Մինչ այս, Օջալանի փաստաբաններից Ռեզան Սարըջան և Նևրոզ Ույսալը վերջին անգամ իրենց պաշտպանյալին տեսել են 2019 թվականի մայիսի 2-22-ն ընկած ժամանակահատվածում, հունիսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում և օգոստոսի 7-ին` 8 տարվա ընդմիջումից հետո:

Քրդական շարժման ղեկավար Աբդուլլահ Օջալանը ձերբակալվել է 1999 թվականի փետրվարի 15-ին` Նայրոբիի օդանավակայանում: Իր հուշերում քուրդ առաջնորդը նշել է, որ իրեն տեղափոխել են Նայրոբի` թմրանյութերի ազդեցության տակ գցելով: Ձերբակալման պահից նա բանտարկված է Իմրալը կղզում: 1999 թվականի հունիսի 28-ին նրան մահվան էին դատապարտել, սակայն միջազգային հանրության ճնշման տակ դատավճիռը փոխվել էր ցմահ բանտարկության:

ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավարևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիսարևմտյան և Սիրիայի հյուսիսարևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:

Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը: