Բելառուսում կտրուկ նվազել է կորոնավիրուսային վարակի տարածումը. EADaily

17:41 • 16.06.20

Բելառուսում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման նվազագույն մեկօրյա ցուցանիշն ապրիլից ի վեր: Ինչպես փոխանցում է EADaily-ն, այս մասին վկայում են հանրապետության առողջապահության նախարարության տվյալները հունիսի 16-ի դրությամբ:

«Բելառուսում հունիսի 16-ին առողջացել և դուրս են գրվել 31 273 հիվանդ, որոնց մոտ ավելի վաղ կորոնավիրուս էր ախտորոշվել: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի թեստի դրական պատասխան է գրանցվել 55 369 մարդու մոտ: Համաճարակի ընթացքում իրականացվել է 760 549 թեստ: Վարակի տարածման ողջ ընթացքում երկրում հիվանդությունից մահացել է 318 մարդ, որոնց մոտ խրոնիկական հիվանդություններ են եղել»,- ասվում է բելառուսական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Մեկ օրում արձանագրված վարակման դեպքերը 689-ն են, որը նվազագույն ցուցանիշն է ապրիլի 22-ից ի վեր: Վերջին մեկ օրում մահացել է 6 մարդ: Նախօրեին գրանցվել էր վարակման 707 դեպք, մահվան՝ 4:

Հիշեցնենք, որ Բելառուսում արտակարգ միջոցառումներ չեն ընդունվել՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ: Իշխանությունները հայտարարում են, որ ամբողջովին վերահսկում են իրավիճակը: Երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պայքարի բելառուսական փորձը «ողջ աշխարհի ձեռքբերումն» է: