«Ուզենք, թե չուզենք՝ դառնում ենք ծերացող երկիր». Իրանն այլևս չի ֆինանսավորի վազէկտոմիան և հակաբեղմնավորիչների բաժանումը

14:16 • 16.06.20

Իրանի պետական հիվանդանոցներն ու կլինիկաներն այլևս չեն իրականացնում վազէկտոմիա և չեն տրամադրում հակաբեղմնավորիչներ ՝ նպատակ ունենալով խթանել ծնելիությունը:

Ինչպես նշում է The Guardian-ը, այս մասին ասել է առողջապահության նախարարության  բարձրաստիճան ներկայացուցիչը՝ ընդգծելով, որ «Իրանը դառնում է ծերացող երկիր»:

«Ուզենք, թե չուզենք, բայց մենք դառնում ենք ծերացող երկիր»,-ասել է ԱՆ բնակչության և ընտանեկան առողջության հարցերով գրասենյակի ղեկավար Համեդ Բարակատին՝ ընդգծելով, որ իրանուհիներն այժմ ունենում են միջինը 1.7 երեխա, մինչդեռ բնակչության պահպանման համար պարտադիր ցուցանիշ է 2.2-ը:

«Եվ եթե այս միտումը շարունակվի, ապա 2050թ. դրությամբ բնակչության մեկ երրորդ մասը կլինի վաթսունն անց տարիքի»,-հավելել է պաշտոնյան:

Իրանի կառավարության պահպանողականները քաղաքացիներին կոչ են անում առնվազն առաջիկա տասնամյակում ավելին շատ երեխա ունենալ: Չնայած իշխանությունները մի շարք քայլեր են ձեռնարկել, սակայն դա էականորեն չի նպաստել ծնելության մակարդակի բարձրացմանը: Տղամարդիկ չեն ցանկանում ամուսնանալ, երեխաներ ունենալ, մինչդեռ կանայք ցանակնում են նախևառաջ կրթություն ստանալ: Միջինում իրանուհին իր առաջնեկին ունենում է 29 տարեկանում և սահմանափակվում է երկու երեխայով:

Մինչդեռ 1980-ական թվականներին պատկերն այլ էր. իրանական ընտանիքներում կանայք ունենում էին յոթ-ութ երեխա, ինչն անհանգստացնում էր իշխանություններին: Նրանք մտավախություն ունեին, որ աճող բնակչությունն ավելի ուշ գործազրկության բարձր մակարդակի խնդրի կբախվի, կառաջանան տնտեսական խնդիրներ: Այդ պատճառով երկրում առաջադիմական նախաձեռնություններ իրականացվեցին, պետությունը ֆինանսավորում էր վազէկտոմիան, տրամադրվում էին անվճար պահպանակներ և էժան հակաբեղմնավորիչներ, երկրով մեկ իրականացվում էին «Երկու երեխան բավական է» և «Քիչ երեխա, ավելի լավ կյանք» կարգախոսերով ընտանիքի պլանավորման  և սեռական դաստիարակության վերաբերյալ ծրագրեր: