«ԱՄՆ-ին չի հաջողվի հաշտեցնել սպիտակամորթ և սևամորթ ամերիկացիներին». Ժիրինովսկին առաջարկել է ԱՄՆ-ն բաժանել երկու մասի

11:04 • 16.06.20

ՌԴ պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին իր թելեգրամյան ալիքում առաջարկել է ԱՄՆ-ն բաժանել երկու մասի:

Խորհրդարանականը կարծում է, որ ԱՄՆ-ին չի հաջողվի հաշտեցնել սպիտակամորթ և սևամորթ ամերիկացիներին, այդ իսկ պատճառով, նրա կարծիքով, պետք է սևամորթներին երկու-երեք նահանգ տրամադրել, որտեղ նրանք կարող են հանգիստ ապրել: Բացի այդ, ըստ Ժիրինովսկու, աֆրոամերիկացիներն այդ նահանգներում պետք է ունենան իրենց ոստիկանությունը, բժիշկներն ու ուսուցիչները:

«Եվ նրանք չեն բախվի սպիտակների հետ: Հնարավոր է նույնիսկ սահմանափակել սպիտակամորթների մուտքն այդ նահանգներ»,-գրել է քաղաքական գործիչը:

Մյուս կողմից խորհրդարանականը նշել է, որ անհրաժեշտ է օգնել բոլոր սևամորթ ամերիկացիներին տեղափոխվել Աֆրիկա, եթե նրանք ցանկանում են դա: Պատգամավորն ընդգծել է, որ այդ մայրցամաքի արևելյան մասում անգլերեն են խոսում և այնտեղ «նրանց լավ կընդունեն, լավ աշխատանք ու բնակավայր կտան»:

«Նրանց համար դա վերադարձ կլինի պատմական հայրենիք, նրանք այնտեղ կգերիշխեն, ոչ ոք նրանց ոչինչ չի ասի նրա համար, որ իրենք սև են: Իսկ սպիտակ ամերիկացիների մեջ նրանք միշտ իրենց անհարմար իրավիճակում կզգան»,-ասել է Ժիրինովսկին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում և աշխարհի տարբեր երկրներում բողոքի ցույցեր են անցկացվում Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտի սպանության առնչությամբ, որը տեղի է ունեցել ԱՄՆ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում մայիսի 25-ին: Մարդիկ պահանջում են խստագույնս դատապարտել սպիտակամորթ ոստիկան Դերեկ Չաուվինին, որը, ծնկով սեղմած պահելով Ֆլոյդի պարանոցը, խեղդամահ է արել նրան, ինչպես նաև մյուս երեք ոստիկաններին, որոնք կանգնած են եղել դեպքի վայրում և ոչինչ չեն ձեռնարկել տղամարդուն փրկելու համար:

Ներկա պահին բոլոր չորս նախկին ոստիկաններին մեղադրանք է առաջադրվել: