Երևանի 20-ամյա բնակիչը 20 հազար անվանական արժեքով կեղծ թղթադրամներ էր պատրաստել և իրացրել. Նա կալանավորվել է (տեսանյութ)
Օրերս ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ ճանապարհով տեղեկություններ ձեռք բերեցին, որ Երևանի բնակիչ, 20-ամյա մի երիտասարդ պահել, պատրաստել և իրացրել է 20 հազար դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Տարածքային քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակում ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները, դատարանի որոշմամբ, խուզարկեցին երիտասարդի վարձակալած բնակարանը։
Հայտնաբերվեցին 20 հազար անվանական արժեքով կեղծ թղթադրամներ ու տպիչ սարք, որով, նախնական տվյալներով՝ պատրաստվել էին կեղծ թղթադրամները։ Երիտասարդը կալանավորվել է։
Տուժած անձանց հայտնաբերելու միջոցառումներն ու հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում են։










