Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8248 դեպք
Ռուսաստանում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8248 նոր դեպք, վարակման հետևանքով մահացել է 193 մարդ, հիվանդությունը հաղթահարել է 9767-ը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբին:
Վարակվածներից գրեթե 36%-ի մոտ հիվանդությունն առանց ախտանշանների է ընթանում:
Վարակման նոր դեպքեր ամենաշատը գրանցվել են Մոսկվայում` 1416, Մոսկվայի մարզում գրանցվել է վարակման 694, իսկ Իրկուտսկի մարզում` 319 դեպք: Սանկտ Պետերբուրգում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցված վարակման դեպքերի թիվը 234 է:
Այսպիսով՝ Ռուսաստանի 85 շրջանում վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 545 458-ի, վարակման հետևանքով մահացել է 7284 մարդ, բուժվել` ավելի քան 294 000-ը:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 8 141 805 է, մահացել է 439 748 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:










