ԱՄՆ գերագույն դատարանը վճռել է, որ գործատուն աշխատողին չի կարող հեռացնել միասեռական կամ տրանսգենդեր լինելու համար

12:56 • 16.06.20

Միացյալ Նահանգների գերագույն դատարանը ձայների 6 կողմ և 3 դեմ հարաբերակցությամբ վճռել է, որ միասեռական և տրանսգենդեր աշխատողները գտնվում են գործատուի կողմից խտրականության դեպքում քաղաքացիական իրավունքների մասին օրենքների պաշտպանության շրջանակում:

Ինչպես նշում է The Hill-ը, հատկանշական է, որ Գերագույն դատարանի որոշումը կայացվել է ԱՄՆ-ում ԼԳԲՏ համայնքին նվիված մեկամսյակի ընթացքում:

Գերագույն դատարանի դատավոր Նիլ Գորսաչն իր ելույթում նշել է, որ իրենք պետք է տան մի պարզ հարցի պատասխան՝ արդյո՞ք գործատուն կարող է որևէ աշխատողի հեռացնել միայն այն պատճառով, որ նա միասեռական է կամ տրանսգենդեր:

«Պատասխանն ակնհայտ է: Այն գործատուն, որն անհատին աշխատանքից հեռացնում է միասեռական կամ տրանսգենդեր լինելու համար, առաջնորդվում է վերջինիս սեռական կողմնորոշմամբ: Այդ որոշման մեջ սեռական կողմնորոշումը պարտադիր և անթաքույց դերակատարում ունի, ինչը հակասում է Քաղաքացիական իրավունքների ակտին»,-ասել է դատավորը:

Աղբյուրը նկատում է, որ վճիռը հանգուցալուծում է տալիս հայցերի եռյակին, որոնց դեպքում հայցվորները գործատուների կողմից ենթարկվել էին սեռական կողմնորոշման հիման վրա խտրականության:

Առաջին հայցի դեպքում տրանսգենդեր կինն աշխատանքից հեռացվել էր, երբ գործատուն իմացել էր նրա գենդերային ինքնության մասին: Երկրորդի դեպքում հայցվորն աշխատանքից հեռացվել էր իրենց կազմակերպության հաճախորդներից մեկին իր միասեռական լինելու մասին պատմելու պատճառով: Երրորդ հայցի դեպքում աշխատողը ևս հեռացվել էր ոչ ավանդական սեռական կողմնորոշման համար:

Նշվում է, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն այս հայցերի դեպքում հանդես էր եկել գործատուների օգտին՝ նշելով, որ Քաղաքացիական իրավունքների ակտը չի վերաբերում միասեռական և տրանսգենդեր աշխատողներին: