Ինչպե՞ս է ստացվում, որ առևերույթ քրեական գաղտնիք պարունակող փաստաթղթերը հայտնվում են իշխող քաղաքական ուժի պատգամավորների, նախարարների էջերին. Մանե Թանդիլյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ)
Ազգային ժողովը շարունակում է քննարկել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: ԼՀԿ-ական պատգամավոր Մանե Թանդիլյանը երեք հարց ուղղեց հիմնական զեկուցող, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
Նա նախ հարցրեց՝ արդյոք այս ամբողջ ընթացքում, այս խուզարկության շրջանակում միայն 2017 թվականին առերևույթ վերաբերող ընտրակաշառքի նյութե՞ր են գտել և չե՞ն գտել 2018 թվականի, մինչ այդ ընտրական շրջանի որևէ նյութ, պատգամավորների որևէ ստորագրած փաստաթուղթ:
Թանդիլյանը նաև հարցրեց՝ արյդոք միայն այս քաղաքական ուժի՝ «Ծառուկյան» դաշինքի ընտրակաշառքի մասով են փաստերի տիրապետում, երբևէ, ոչ մի անգամ, ոչ մի պարագայում, օրինակ՝ ՀՀԿ-ի մասով ընտրակաշառքի մասին տեղեկություն չե՞ն ունեցել, շտաբներում փաստացի բաժանվող ընտրակաշառի տեղ չե՞ն իմացել, կամ չգիտե՞ն, չե՞ն տիրապետում, չե՞ն լսել: «Ինչպե՞ս է ստացվում, որ առևույթ քրեական գաղտնիք պարունակող փաստաթղթերը հայտնվում են իշխող քաղաքական ուժի պատգամավորների, նախարարների պատերին, ֆեյսբուքյան էջերին, կարծես թե թափված են մի տեղ, հավաքել են, ու սա առաջին դեպքը չէ»,- երրորդ հարցը հնչեցրեց Թանդիլյանը:
Դավթյանն էլ ասաց, որ հարցադրումների պատասխաններում պետք է ուղղումներ անի: «Մենք չենք փնտրում որևէ քաղաքական ուժի կամ որևէ կոնկրետ ընտրության ընթացքին վերաբերող փաստաթղթեր, քրեական գործերը, վարույթները ենթադրում են քրեադատավարական գործողություններ և այդ ընթացքում, երբ ձեռք են բերվում այս կամ այն դեպքի, այդ թվում՝ ընտրակաշառք բաժնելու վերաբերյալ տեղեկություններ, անալիզ չի արվում, թե դա որ քաղաքական ուժին է կամ որ ժամանակահատվածին է վերաբերում»,- ասաց նա:
Դավթյանը հավելեց՝ եթե այդ կամ որևէ այլ գործով այդ կամ որևէ այլ շինությունում կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվի որևէ այլ քաղաքական ուժի, որևէ այլ ժամանկահատվածի ընտրությունների ժամանակվա փաստաթղթեր, հավաստիացրեց, որ այն կունենա նույն ճակատագիրը:
Ինչ վերաբերում է երրորդ հարցին, Դավթյանն ասաց. «Նախաքնության գաղտնիքի հրապարկման օրենսդրական կարգավորումը հետևյալն է՝ վարույթն իրականացնող մարմինն ինքն է որոշում՝ ինչ ծավալով տեղեկություն հրապարակի, բոլոր այն դեպքերում երբ նախաքննական մարմինը պաշտոնապես կորոշի այս կամ այն տեղեկությունը հրապարակել, դա վարույթ իրականցնող մարմնի իրավունքն է, լիազորությունն է: իսկ եթե այս խողովակից դուրս արտահոսք կլինի, դա անթույլատրելի է և նման դեպքերով մեր հստակ պահանջն է՝ պարզել այդ փաստը, որովհետև մենք գործ ունենք հանցագործության հետ»:
Մանե Թանդիլյանն արձագանքեց՝ նշելով. «Այսինքն՝ Դուք ինձ պատասխանում եք, որ դիտավորությամբ, համարելով ոչ այնքան կարևոր նյութ կամ ոչ նախաքննական գաղտնիք պարունակող, արտահոսք եք կազմակերպել և տրամադրել տվյալները իշխող քաղաքական ուժին և համարել եք, որ դա նույնիսկ պետք է տրամադրել հանրությանը և ահա Ձեզ համար անասելի հեշտ խողովակով դա հանրայնացրել եք: Ես դա եմ լսում Ձեր պատաասխանից, այն, ինչ Դուք այդ փաստաթղթով եք եկել ԱԺ, պատմում եք և այն պետք է դեռ ապացուցման ենթակա փաստաթուղթ լինի»:
Դավթյանն էլ ասաց, թե իր խոսքերից պատգամավորի արած հետևությունները համարժեք չէին, և որ ինքը չի ասում՝ հատուկ արտահոսք են արել, ասում է՝ վարույթն իրականացնող մարմինն ինքն է որոշում՝ ինչ չափի ինֆորմացիա պետք է հանրությանը տրամադրի:
Մանե Թադնիլյանն էլ խնդրեց Դավթյանին հիշեցնել, թե 2017 թվականի մայիսի 17-ին ով էր գլխավոր դատախազը, երբ ինքը ուղիղ եթերով արձանագրում էր Արարատյան թաղամասում ընտրական կաշառք բաժանելու դեպք՝ ՀՀԿ շտաբից: «Մի անգամ Ձեր մտքով անցե՞լ է հարց տալ, թե՞ չկա նման առաջադրանք»,- ասաց նա:
Դավթյանն էլ արձագանքեց, որ 2017 թվականին ինքն է եղել գլխավոր դատախազը: «Աննախադեպ ծավալի քրեական գործեր են քննվել, ես Ձեր վկայակոչած դեպքը չեմ կարող հիշել, բայց բացառված է, որ դրանով վարույթ հարուցված չլինի: Ձեր հարցի ենթատեքստը հասկանալով՝ դատախազն ապացույցներ գնահատաող է, ինչպես տեղի է ունեցել այսօր, ապացույցները ձեռք է բերել վարույթն իրականացնող մարմինը, և այդ ապացույցների գնահատաման արդյունքում դատախազը եկել է այս հետևությանը»,- շեշտեց նա:










