Ուկրաինայի առաջին տիկինը հոսպիտալացվել է

12:50 • 16.06.20

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կինը՝ Ելենա Զելենսկայան, տեղափոխվել է Կիևի հիվանդանոցներից մեկը, հայտնում է korrespondent.net կայքը։

Ինչպես հայտնի է, նախորդ շաբաթ հետազոտության արդյունքում Ուկրաինայի առաջին տիկնոջ մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել։

«Այժմ Ելենա Զելենսկայայի ախտորոշումը՝ COVID-19։ Արտահոսպիտալային երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ՝ միջին ծանրության։ Շնչառական անբավարարություն՝ 0։ Հավելյալ թթվածին տրամադրելու կարիք չկա։ Վիճակը՝ կայուն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նախագահի կինն այժմ մեկուսացման մեջ է և գտնվում է բժիշկների հսկողության տակ։

Նախօրեին Վլադիմիր Զելենսկու և նրա երեխաների՝ COVID-19-ի առկայությունը ստուգող հերթական թեստերը բացասական պատասխան են ցույց տվել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ցանկացել է անձամբ վարակվել կորոնավիրուսով, որպեսզի սեփական օրինակով ցույց տա մարդկանց, որ «դա ժանտախտ չէ»։

«Ցանկանում էի իմ օրինակով այս փուլն անցնել, որ մարդկանց համար ավելի հեշտ լիներ․․․Առաջարկեցի մերոնց․ «Եկեք ես հիվանդանամ, միանգամից ինքնամեկուսանամ Բանկովայայում (նախագահի նստավայր), նորմալ կհաղթահարեմ, որ մարդիկ հասկանան, որ սա ժանտախտ չէ, որպեսզի ընկճախտ չլինի։ Ամենասկզբում շատ սարսափելի մի պահ կար, երբ մարդիկ կարծում էին, թե բոլորս մահանալու ենք»,- ասել է Զելենսկին pravda.com.ua-ին:

Վերջին տեղեկությունների համաձայն՝ Ուկրաինայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 32 476 դեպք, մահացել է 912, ապաքինվել՝ 14 528 մարդ։