Դատական նիստը կշարունակվի վաղը․ Ծառուկյանի պաշտպանները ժամանակ են խնդրել գործի նյութերին ծանոթանալու համար (տեսանյութ)
Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ Երևանի ընդհանուր իրավասության դատարանից և որևէ մեկնաբանություն չարեց:
Երեմ Սարգսյանը լրագրողներին ասաց, որ դատարանից ժամանակ են խնդրել գործի նյութերին ծանոթանալու համար, որպեսզի լիարժեք պաշտպանություն իրականացնեն:
«Ժամանակ ենք խնդրել գործին լիարժեք ծանոթանալու համար։ Վաղվա նիստից հետո, ըստ իրավիճակի, մեկնաբանություններ կտանք։ Այս պահին որևէ տվյալ չունենք գործի նյութերից հստակ տեղեկատվություն հայնելու համար։ Ըստ էության՝ քննություն տեղի չի ունեցել», - ասաց նա։
Դատական նիստը հետաձգվեց, այն կշարունակվի վաղը՝ ժամը 16:30-ին:
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում էր Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդության քննությունը։
Դատարանի բակում հավաքվել էին Ծառուկյանի աջակիցներն ու ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները։
Հիշեցնենք նաև, որ Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ։
Ծառուկյանն ավելի վաղ նշել էր, որ իրեն վերագրվող մեղադրանքը չի ընդունում, այն որակում է ապօրինի։
Նշենք նաև, որ երեկ ԱԺ–ում անցկացված փակ, գաղտնի քվեարկություններով խորհրդարանը համաձայնություն տվեց ԲՀԿ առաջնորդի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն և ազատությունից զրկելուն:










