«Լուսավոր Հայաստանը» կաջակցի կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքների կազմակերպման հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի սեղծմանը, եթե այն նախագահի ԼՀԿ ներկայացուցիչը. Էդմոն Մարուքյան

15:06 • 17.06.20

Մենք կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքների կազմակերպման հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի սեղծմանը կաջակցենք՝ պայմանով, որ այն նախագահի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչը, որովհետև գաղափարը մերն է, երկրորդ՝ խորհրդարանում կա 3 քննիչ հանձնաժողով, որոնցից մեկը նախագահում է «Իմ քայլը»-ի ներկայացուցիչը, մյուս երկուսը՝ «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Հարցին՝ իսկ եթե «Բարգավաճ Հայաստանը» այդ տարբերակին համաձայն չլինի՞, Մարուքյանն ասաց, թե պատրաստ են քննարկման, թեև իր կարծիքով՝ իրենց դիրքորոշումը շատ արդար է, հատկապես՝ որ իրենք այդ քննիչ հանձնաժողովի առաջարկը ներկայացրել են նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանից առաջ:

Նա նաև տեղեկացրեց, թե այն պահից, երբ հայտարարվել է պանդեմիա, «Լուսավոր Հայաստանն» իրականացնում է ընթացիկ մոնիթորինգ:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե ԲՀԿ-ն դիմելու է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու արտակարգ դրության պայմաններում հավաքների կազմակերպման հետ կապված որոշման իրավաչափությունը, Մարուքյանը հիշեցրեց, որ դրա կարևորության մասին ինքը խոսել է և վարչապետին էլ առաջարկել՝ թույլ տալ խաղաղ հավաքների իրականացումը՝ դիմակների և սոցիալական հեռավորության ապահովման պայմանով:

«Սահմանադրական դատարան դիմում են՝ բոլոր միջոցները սպառելուց հետո, և մեր կուսակցության դիրքորոշումն այն է, որ ՍԴ դիմելուց առաջ ընդդիմադիր ուժերը կարող են նախաձեռնել արտակարգ դրության իրավական ռեժիմի միջոցառումներից որևէ մեկն անվավեր ճանաչելու նախաձեռնություն: Նման նախաձեռնություն չի եղել ԱԺ-ում: Պատրաստ ենք նման նախաձեռնությամբ հանդես գալու, եթե ԲՀԿ-ն միանա»,-ասաց նա:

Հարցին՝ մտավախություն չունեն, որ այս հարցերում ԲՀԿ-ին աջակցելու դեպքում «Լուսավոր Հայաստանը» կարող է ներքաշվել քաղաքական շահարկումների դաշտ, Մարուքյանը նշեց, թե իրենք ոչ մի հարցով մտավախություն չունեն:

««Լուսավոր Հայաստան»-ի ուժերը երբեք որևէ այլ օրակարգով չեն օգտագործվել: Մեր ուժն իր քաղաքական հասունությամբ հասել է այն մակարդակին, որ մտավախություններով մեր օրակարգերը չենք վերանայում: Եթե ինչ-որ բան որոշում ենք անել, անում ենք»,-նշեց նա:

Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ քննիչ հանձնաժողով է առաջարկում նախաձեռնել մի խմբակցություն, որի պատգամավորը հրաժարվում է դիմակ կրել, Մարուքյանը պատասխանեց, թե յուրաքանչյուր խորհրդարանական ուժ իրավունք ունի նման նախաձեռնությամբ հանդես գալու, ինչ վերաբերում է Գևորգ Պետրոսյանի՝ դիմակ չկրելուն, վերջինս ասել է, թե առողջական խնդիր ունի:

Պատգամավորն անդրադարձավ նաև ոստիկանների կողմից լրագրողներին քաշքշելու դեպքին՝ նշելով, թե դատապարտում է. «Ես կարծում եմ՝ իշխող ուժը դրա մասին պետք է խորը մտածի, իշխող ուժի մեջ բազմաթիվ լրագրողներ այսօր պատգամավոր են: Ես 1-2 դատապարտող խոսք եմ տեսել, բայց ավելին էի սպասում: Վարչապետը երկար տարիներ լրագրող է եղել»,-ասաց էդմոն Մարուքյանը: