Կարծում եմ՝ դեռ այլ բացահայտումներ ևս սպասվում են․ Սուրեն Պապիկյանը՝ կոռուպցիոն մեխանիզմների մասին (տեսանյութ)
Կարո՞ղ ենք պնդել, որ նախկինում մսխվել, գողացվել են պետական բյուջեի միջոցները, իսկ այժմ այդ գումարներով կարողանում ենք բարիք ստեղծել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով 2019 թվականի թերակատարումներին։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ի պատասխան, ասաց, որ 2019 թվականի աշխատանքների արդյունքում միայն ընթացիկ տարվա ճանապարհաշինության մրցույթների արդյունքում 5 միլիարդ դրամի խնայողություններ ունենք, միջին նորոգման առումով ևս կլինի խնայողություններ։
«Իհարկե, կառավարումից կախված է արդյունավետությունը և դրամական միջոցների ճիշտ օգտագործումը, բայց խնդիրը հետևողականության մեջ է։ Ես չեմ ուզում հիմա գնահատականներ հնչեցնել, թե որտեղ ինչ կոռուպցիոն մեխանիզմներ են եղել․ Փառք տիրոջը, այս պահին իրավապահ մարմինները հետևողականորեն դրանով զբաղվում են, շատ բաներ բացահայտում են և կարծում եմ, դեռ այլ բացահայտումներ սպասվում են»,-ասաց նա։
Սուրեն Պապիկյանը նշեց, որ հաճախ որակի ստուգման արդյունքում տարվա ամփոփման ժամանակ ունենում են փաստացի աշխատանքը կատարված, բայց փաստաթղթերով չեն ունենում կատարողական վճարումներ։ «Ամեն ինչ անում ենք, որպեսզի ունենանք որակ- խնայողություն ճիշտ հարաբերակցություն»,-ասաց նա։










