Թրամփն ԱՄՆ-ում բողոքի ցույցերի ֆոնին ոստիկանական ծառայության բարեփոխման մասին հրամանագիր է ստորագրել

09:26 • 17.06.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սևամորթ ամերիկացիների նկատմամբ ոստիկանական բռնության դեմ բողոքի ցույցերի ֆոնին ԱՄՆ-ում ոստիկանական ծառայության բարեփոխման մասին հրամանագիր է ստորագրել: Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Սպիտակ տան Վարդագույն պարտեզում՝ հունիսի 16-ին, գրում է CNN-ը։

«Ես այսօր հրամանագիր եմ ստորագրում, որով երկրի ոստիկանական ստորաբաժանումները կորդեգրեն մեր համայնքներին ծառայելու բարձր մասնագիտական չափանիշները»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ հավելելով, որ ձգտում է «ապահովել ամերիկացիների անվտանգությունը՝ անկախ նրանց ռասայից, կրոնից, գույնից և հավատից»։

Թրամփը հավելել է, որ ամերիկացիները իրավունք և կարգուկանոն են պահանջում։ Այդ կապակցությամբ նա ողջունել է բողոքի վերջին ալիքի ժամանակ բռնի դրսևորումներին ուղղված իրավապահների ջանքերը։

«Առանց ոստիկանության քաոս է տիրելու»,- նշել է ԱՄՆ նախագահը:

Հրամանագրի համաձայն՝ կստեղծվի տվյալների բազա՝ աշխատակիցների անօրինական գործողությունների վերաբերյալ բողոքներին հետևելու համար։ Ոստիկանության ստորաբաժանումներին առաջարկվում է նաև պահպանել ուժի կիրառման նորացված չափանիշները, ակտիվացնել տեղեկատվության փոխանակումը, ներգրավել սոցիալական ծառայությունների աշխատակիցներին՝ ոչ բռնի հանցագործությունների հետ կապված իրավիճակները կարգավորելու համար։

Հրամանագիրը նախատեսում է նաև դրամաշնորհներ հատկացնել ոստիկանական կառույցներին, որոնք պատրաստակամություն են հայտնել կատարելագործել իրենց աշխատանքը։

Նշենք, որ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո սկսված ցույցերի մասնակիցները հանդես են եկել, մասնավորապես, ուժային կառույցների ֆինանսավորման կրճատման օգտին: