Ներողություն եմ խնդրում տուժած իմ նախկին գործընկերներից, այսօր կդիմեմ ոստիկանություն․ «Իմ քայլի» պատգամավորը՝ ԱԱԾ-ի մոտ լրագրողներին հրմշտելու միջադեպի մասին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախկին լրագրող Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ու ներողություն խնդրել երեկ ԱԱԾ-ի մոտ ոստիկանության կողմից լրագրողների հրմշտելու միջադեպի մասին։
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Երեկ երեկոյան ԱԱԾ շենքի մոտ ոստիկանության գործողությունների ընթացքում, հրմշտոցի հետեւանքով տուժեցին լրագրողները, խոչընդոտվեց լրագրողների մասնագիտական աշխատանքն, ինչն անթույլատրելի է, չնայած որեւէ դիտավորություն կամ հատուկ լրագրողների դեմ ուղղված գործողություն առկա չէր։
Ներողություն եմ խնդրում տուժած իմ բոլոր նախկին գործընկերներից եւ ակնկալում եմ ըմբռնում, քանի որ համավարակով պայմանավորված Արտակարգ դրության այս օրերին եւ' լրագրողները, եւ' ոստիկանությունն իրենց ծառայությունն իրականացնում են խիստ լարված պայմաններում` վտանգելով առողջությունն ու կյանքը։
Այսօր կդիմեմ Ոստիկանություն` պարզելու բոլոր մանրամասները եւ ծառայողական քննություն անցկացնելու անհրաժեշտությունը։
❗ Ոստիկանությանը հորդորում եմ ցանկացած իրավիճակում, անգամ ամենալարված պայմաններում չխոչընդոտել լրագրողների գործունեությունը, ավելին` պայմաններ ստեղծել լրագրողական ծառայությունն անվտանգ իրականացնելու համար»։










