Ադրբեջանի ԶԼՄ-ների աջակցության հիմնադրամում կոռուպցիայի փաստերով քրեական գործ է հարուցվել
Ադրբեջանում Հաշվիչ պալատի ներկայացրած նյութերի հետաքննության արդյունքում հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի ԶԼՄ-ների աջակցության պետական հիմնադրամում բյուջետային միջոցների յուրացման և չարաշահման փաստերի հետ կապված: Այս մասին տեղեկացնում է turan.az կայքը:
Չարաշահումներ են գրանցվել ԶԼՄ-ների աջակցության ծրագրերի իրականացման, թերթերին ֆինանսական օգնության բաշխման գործում, կառուցապատման նորմերի մեջ, գրանցվել են նաև որոշ օբյեկտների գների ուռճացումներ:
«Այս կապակցությամբ քննություն է սկսվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 179.4 (խոշոր չափերի յուրացում), 308.1 (լիազորությունների չարաշահում), 308-1.2 (խոշոր չափի բյուջետային միջոցների ոչ նպատակային օգտագործում) և 308-2.4 (պետական գնումների ապօրինի իրականացում) հոդվածներով»,- ասված է գլխավոր դատախազության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի ԶԼՄ-ների աջակցության հիմնադրամի նախկին ղեկավար Վուգար Սաֆարլըն պաշտոնից ազատվել է ապրիլի 4-ին` երկրի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով: Երկար տարիներ լրատվամիջոցների աջակցության պետական հիմնադրամի գործունեությունը քննադատվել է և թափանցիկ չի եղել: Այս կառույցը գտնվում էր Ադրբեջանի ղեկավարի նախկին օգնական Ալի Հասանովի վերահսկողության տակ:
Շատ լրագրողներ և լրատվամիջոցներ մեղադրել են Հասանովին և Սաֆարլըին պաշտոնը չարաշահելու և 2009-ին ստեղծված հիմնադրամի միջոցները յուրացնելու համար:










