Ռուսաստանում թույլատրվել է կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութի փորձարկումը մարդկանց վրա. Meduza
ՌԴ Առողջապահության նախարարությունը տվել է Covid-19-ի դեմ ռուսական պատվաստանյութերը մարդկանց վրա փորձարկելու առաջին թույլտվությունը: Այս մասին հայտնում է Meduza-ն՝ հղում տալով նախարարության փորձարկումների կլինիկական ռեեստրում տեղադրված տեղեկությանը:
Հաղորդվում է, որ կլինիկական հետազոտությունները կսկսի Գամալեի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային կենտրոնը: Դրանք կանցկացվեն Բուրդենկոյի անվան գլխավոր ռազմական կլինիկական հոսպիտալում և Սեչենովսկի համալսարանում:
Հետազոտողները նախատեսում են փորձարկել «Գամ-Քովիդ-Վակ» և «Գամ-Քովիդ-Վակ Լիո» պատվաստանյութերը: Հավանական է, որ խոսքը նույն պատվաստանյութի երկու տարբեր տեսակների մասին է: Դրանցից յուրաքանչյուրը կփորձարկվի 43 առողջ կամավորների վրա:
Նախատեսվում է, որ փորձարկումները կավարտվեն այս տարվա դեկտեմբերի 31-ին:










