«Վրաստանն ԱՄՆ-ի հավատարիմ դաշնակիցն է». Գախարիան հեռախոսազրույց է ունեցել ամերիկացի սենատորի հետ

13:23 • 17.06.20

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հեռախոսազրույց է ունեցել ամերիկացի սենատոր Դևիդ Պերդյուի հետ, որից հետո հայտարարել է, որ Վրաստանն ԱՄՆ-ի հավատարիմ դաշնակիցն է: Այս մասին տեղեկացնում է kvira.ge կայքը:

Վրաստանի վարչապետը զրույցի ընթացքում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Կոնգրեսին`ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցում Վրաստանին վճռական աջակցություն ցույց տալու համար:

«Ես զրուցել եմ սենատոր Դևիդ Պերդյուի հետ մեր երկու մեծ ժողովուրդների միջև գործընկերության և սերտ համագործակցության աճող դինամիկայի մասին, որը մինչ այս երբեք ավելի ուժեղ չի եղել: Վրաստանն ԱՄՆ-ի հավատարիմ դաշնակիցն է: Մենք գնահատում ենք Կոնգրեսի կողմից Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը տրված հստակ աջակցությունը»,-տեղեկացրել է Վրաստանի վարչապետը:

Նշենք, որ Դևիդ Պերդյուն հանրապետական սենատոր է՝ ԱՄՆ Ջորջիա նահանգից: