Հոնդուրասի նախագահը կորոնավիրուսով է վարակվել

10:51 • 17.06.20

Կենտրոնական Ամերիկայում գտնվող Հոնդուրասի Հանրապետության նախագահ Խուան Օռլանդո Էրնանդեսը HCH հեռուստաալիքի եթերում հայտնել է, որ իր ու կնոջ մոտ նոր տեսակի կորոնավիրուս է հայտնաբերվել, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Որպես նախագահ և պատասխանատու քաղաքացի՝ ուզում եմ հայտնել, որ հանգստյան օրերին սկսել եմ ինձ վատ զգալ, և այսօր ինձ մոտ COVID-19 են ախտորոշել»,- նշել է Էրնանդեսը։

Երկրի նախագահը հավելել է, որ շարունակելու է իր պարտականությունները հեռակա կերպով իրականացնել և մեկուսացման ռեժիմին հետևել։

Էրնանդեսը նաև նշել է, որ իր կնոջ մոտ կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստը նույնպես դրական պատասխան է ցույց տվել։

Վերջին տեղեկությունների համաձայն՝ Հոնդուրասում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 9 656 դեպք, որից 330-ը՝ մահվան ելքով, հիվանդությունից ապաքինվել է 1 075 մարդ։