Չինաստանի և Հնդկաստանի միջև վիճելի սահմանին 45 տարվա մեջ առաջին անգամ 20 զոհ է գրանցվել. The Guardian

12:42 • 17.06.20

Չինաստանի և Հնդկաստանի՝ Հիմալայներով անցնող վիճելի սահմանին երկու երկրների միջև լարվածության ֆոնին չինական կողմի հետ բախման հետևանքով հնդկական զինված ուժերի 20 անդամ է զոհվել, գրում է The Guardian պարբերականը։

Աղբյուրը մանրամասնում է, որ այս մահերը 1975 թվականից ի վեր այս սահմանին գրանցված առաջին մարդկային կորուստներն են, որոնք հաջորդել են երկու երկրների միջև վերջին շաբաթների ընթացքում լարված հարաբերություններին։ Չինական զորքերը տեղակայվել են Հնդկաստանի հետ սահմանի «զգայուն» հատվածներում՝ խփելով վրաններ, տեղակայելով փոխադրամիջոցներ և ծանր տեխնիկա։ 

Հնդկական կառավարությունը սկզբում հայտնել է Գալվան հովտի տարածքում բախումների հետևանքով 3 զոհի մասին, այնուհետև մարդկային կորուստների թիվը հասել է 20-ի։ Նշվում է, որ դեռ որոշ զինվորականների մասին տեղեկություններ չկան, ուստի՝ մահվան դեպքերի թիվը կարող է աճել։

Հնդկական բանակը հայտարարել է, որ այժմ երկու կողմերի գլխավոր զինվորական պաշտոնյաներն իրավիճակի թուլացման նպատակով պետք է հանդիպում ունենան սահմանային հատվածում, և հավելել է, որ «իրենք հավատարիմ են իրենց երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման գործին»։

The Guardian պարբերականը նշում է, որ չինացի և հնդիկ զինվորները, որոնք սովորաբար սահմանային հատվածներում կոնֆլիկտից խուսափելու նպատակով զենք չեն կրում, կռվի մեջ են մտել երկուշաբթի մայրամուտին՝ չինացիների՝ մի հնդիկ հրամանատարի գետի կիրճը հրել-գցելուց հետո։

Այս պատահարից հետո երկու կողմերից մոտ 600-հոգանոց զորք է հավաքվել և սկսել միմյանց հետ բռունցքներով, քարերով, երկաթյա ձողերով կռվի մեջ մտնել։ Նշվում է, որ մարտը շարունակվել է մինչև ուշ գիշեր, երկու կողմերից էլ զոհեր եղել են, սակայն զենքից կրակոց չի արձակվել։